Հայաստանի բենզինի շուկայում առաջիկայում կարող է հայտնվել նոր խաղացող՝ ի դեմս վրաց-ռուսական Petrocas Energy ընկերության։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ նոր ընկերության մուտքը հայկական շուկա «դանդաղ, բայց ընթանում է»։
Նախարարը հաստատում է՝ Petrocas Energy-ն մտադիր է ձեռք բերել նավթամթերքի ու վառելիքի երբեմնի հսկա, Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա քորփորեյշն»-ը, քանի որ «Միկա քորփորեյշն»-ն ունի անհրաժեշտ որոշակի ենթակառուցվածքներ. «Petrocas-ի կողմից կատարվելիք ներդրման ծավալին ծանոթ եմ, սակայն չէի ուզի հիմա բարձրաձայնել»,- ասաց նա։
Petrocas Energy Group-ը տարածաշրջանի խոշոր էներգետիկ ընկերություններից է, որ զբաղվում է նավթամթերքի իրացմամբ, բեռնափոխադրմամբ, նաև շահագործում է Փոթիի նավթային տերմինալը։ Petrocas-ն է Վրաստանում շահագործում հայտնի GULF բենզալցակայանների ցանցը, որն ունի 150 բենզալցակայան, Վրաստանում բենզինի շուկայի առաջատարներից է։ Petrocas Energy-ն նաև ավիավառելիքի մատակարար է։ 2014-ին Petrocas-ի բաժնետոմսերի 49 տոկոսը ձեռք բերեց ռուսական «Ռոսնեֆտ»-ը, ըստ Reuters-ի, գործարքի գինը կազմել էր մոտ 144 միլիոն դոլար։ Այս գործարքը ոչ միանշանակ ընդունվեց Վրաստանում, որտեղ այն որակում էին ռուսական ներթափանցում՝ դեպի ռազմավարական ձեռնարկություն։ Petrocas Energy Group-ի 51 տոկոսն էլ վրացի միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլուն է պատկանում: Ըստ Forbes-ի 2014-ի տվյալների՝ Յակոբաշվիլու ունեցվածքը գնահատվել է 1.2 միլիարդ դոլար։
Ինչպես տեղեկացրեց Վահան Քերոբյանը՝ «Միկա քորփորեյշն»-ի ձեռքբերման հարցն այժմ քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում. «Էկոնոմիկայի նախարարության հիմնական ուսումնասիրության առանցքն այն է, որ վստահ լինենք՝ մրցակցային միջավայրը չի խախտվի։ Նկատի ունեցեք, որ մենք բենզին ու դիզելային վառելիք ներմուծում ենք հիմա նաև Իրանից»,- նշեց նա։ «Միկա քորփորեյշն»-ը հիմնվել էր 2006-ին, զբաղվում էր բենզինի ու նավթամթերքի ներմուծմամբ Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից ու Ռուսաստանից։ Ընկերությունն ուներ «Միկա» անվանումով 50 բենզալցակայաններ ողջ Հայաստանում, հետագայում, ինչպես Միխայիլ Բաղդասարովի բիզնեսների մեծ մասը, այս ընկերությունը ևս բռնեց անկման ուղին ու սնանկ ճանաչվեց։
Վահան Քերոբյանի կարծիքով՝ այժմ պատկան մարմինները քննարկում են Petrocas Energy-ի՝ շուկա մուտք գործելու հնարավոր ռիսկերը. «Պիտի ուսումնասիրվի՝ արդյոք իրենք չունե՞ն անարդար մրցակցային առավելություններ, որոնք կարող են օգտագործել շուկայի դեմպինգի համար։ Հաշվի առնելով, որ տեղական ընկերությունները որևէ կերպ չեն ուզում փոխել իրենց աշխատանքային ոճը, հավանական է, որ Petrocas-ը կարող է դառնալ լուրջ գործոն»,- կարծիք հայտնեց Քերոբյանը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, ի պատասխան «Լուրեր»-ի գրավոր հարցման, տեղեկացրին՝ տնտեսվարող սուբյեկտների միջև նախատեսվող գործարքները առևտրային գաղտնիք են, իսկ եթե լինի ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ ՄՊՀ-ի որոշում, դա, համապատասխան առևտրային գաղտնիքի պահպանմամբ, կտեղադրվի հանձնաժողովի կայքում։
Բացի Petrocas-ից՝ բենզինի հայկական շուկա կարող է մուտք գործել մեկ այլ՝ ամերիկյան բենզալցակայանների ցանց։ Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ գործընթացի մեկնարկը տրված է, իսկ թե որ ընկերության մասին է խոսքը՝ Քերոբյանը չտեղեկացրեց։ Վերջին տարիներին բենզինի շուկայի խոշոր խաղացողներն են CPS-ը, «Ֆլեշ»-ն ու «Մաքս պետրոլ»-ը, որոնք միասին ներմուծում են Հայաստան ներկրվող բենզինի մոտ 90 տոկոսը։
Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ բենզինի ներմուծում ու վաճառք է իրականացնելու նաև Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռան օյլ» ընկերությունը։