Կապանում այսօր հանրահավաք է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կապանը պետք է զարգանա հնարավորինս շատ ուղղություններով, այդ պատճառով քաղաքական թիմում ներագրավվել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կապանցիների հետ հանդիպմանն ասել է համայնքի ղեկավարի թեկնածու, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
Սյունիքում մեծ թափով շինաշխատանքներ են իրականացվում և այդ ամենին զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև կրթության, զբոսաշրջության ոլորտները: Կապանում պետք է բիզնես հավասարություն լինի՝ ընտրողներին իրենց ծրագիրն է ներկայացրել համայնքի ղեկավարի թեկնածուն: Դանիելյանը տեղեկացրել է՝ միայն կրթության ոլորտը բարեփոխելու համար Կապանը կառավարությունից 9 մլրդ դրամ կստանա: Համայնքում այս կիրակի ՏԻՄ ընտրություններ են սպասվում:
Դավիթ Դանիելյան (ՔՊ կուսակցության Կապան համայնքի ղեկավարի թեկնածու) - Ամբողջ քարոզարշավի ընթացքում հանդիպումներ ունեցանք մեր թիմի, մեր քաղաքացիների հետ և արձանագրեցինք մի շարք բացթողումներ գյուղական համանքներում, հատկապես կրթության և նախադպրոցական ոլորտներում: Մենք անպայման պետք է իրականացնենք այդ ծրագրերը միասին, համախմբված: Չենք գնալու բաժանողական տրամադրության, Կապանը չենք կտրելու կենտրոնական իշխանությունից:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այսօր Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ դուք, այլևս բաժնետեր և սեփականատեր եք: ՀՀ Կառավարությունը հետևողականորեն իր մասնաբաժինն ավելացնելու քայլեր է կատարելու: Մենք պետք է հնարավորություն ունենանք ունենալ վերահսկող փաթեթ, որը ՀՀ-ն կունենա, կապանցին կունենա, դուք կունենաք: