Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է, որ հանձնաժողովը սակագնի փոփոխման հայտ չի ստացել: Ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:
Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն հունվարի 1-ից առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել:
«Գրեթե վերջացնում ենք Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները համաձայնագրի կնքման վերաբերյալ, որով նախատեսվում էր առաջիկա 10 տարիների համար այնպիսի մեխանիզմ դնել, որ վարձավճարների նվազում չի լինի և կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագին»,- ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: