ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Հայաստանում Ամերիկայի դեսպանատնից հայտնում են, որ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև՝ կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։ Համաժողովի մասնակիցները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՕԳՆԻ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵԱՀԿ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար: Նման կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում: Անն Լույոյի խոսքով՝ Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: Դեսպանը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակ սահմանազատման և սահմանագծման կարևորությանը:
Անն Լույո (Հայաստանում Ֆրանսիայի դեսպան) - Մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ միջավայրի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ, բնականաբար, սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ:
Անն Լույոն խոսել է նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող պատվաստանյութերի մասին՝ մանրամասնելով, որ նոր խմբաքանակի մատակարարման ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց գործընթացը նախապատրաստական փուլում է: «Դեռ հայտնի չէ, թե քանի դեղաչափ կլինի, բայց խոսքը բավականին մեծ քանակի մասին է»,- ընդգծել է դիվանագետը:
ԵԱՏՄ-ԻՐԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Իրանն ու ԵԱՏՄ-ն Երևանում ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ են անցկացնում: Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Միրհադի Սեյիդին հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից բանակցություններ են սկսել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ: Քննարկումներն անցկացվում են ԵԱՏՄ անդամ 5 երկրների ներկայացուցիչների և Իրանի պատվիրակության միջև, որի կազմում են Իրանի առևտրի զարգացման կազմակերպության, Առևտրի պալատի, ԻԻՀ նախագահի, արտգործնախարարի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները: Երևանյան բանակցություններին ընդառաջ տեսակոնֆերանսի ձևաչափով յոթ հանդիպում է անցկացվել: Կողմերի միջև հաջորդ հանդիպումը նախատեսված է Թեհրանում դեկտեմբերի 6-ին: