ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի համար, սակայն դաշինքին անդամակցելու որոշումը կայացնելու է Հելսինկին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ հայտնում է EaDaily-ն։
Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կմիջամտի՞, եթե զինված հարձակում կատարվի Ֆինլանդիայի վրա, նա պատասխանել է հետևյալ կերպ.
«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գործընկեր է, բայց ոչ անդամը: Հյուսիսատլանտյան պայմանագրի Հինգերորդ հոդվածը սահմանում է, որ դաշինքի մի անդամի դեմ հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի դեմ։ Եթե դուք դաշինքի անդամ չեք, ձեր նկատմամբ կոլեկտիվ պաշտպանության մասին 5-րդ հոդվածը չի կիրառվում: Սա է գործընկերոջ կարգավիճակի տարբերությունը»,- պարզաբանել է Ստոլտենբերգը:
Միաժամանակ, դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է Ֆինլանդիայի հետ և հույս ունի, որ նա կաջակցի:
«Մենք աշխատում ենք Ֆինլանդիայի հետ, մեծացրել ենք համատեղելիությունն ավելի լավ համագործակցելու համար, ՆԱՏՕ-ն նաև ամրապնդել է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում»,- ասել է Ստոլտենբերգը: