Մինսկում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Լակոստի հարկադրված հեռացումը Բելառուսից Փարիզի վրդովմունքն է առաջացրել՝ տեղեկացնում է Euronews-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի իշխանության այս քայլը անհիմն է, և Ֆրանսիայի իշխանությունները համաչափ միջոցներ են ձեռնարկել Փարիզում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ՝ այդ մասին տեղեկացնելով Մինսկին:
Դիվանագիտական սկանդալի պատճառը Բելառուսում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Նիկոլա դե Լակոստի պահվածքն է: Նա իր հավատարմագրերը չի ներկայացրել նախագահ Լուկաշենկոյին, իսկ դրանց կրկնօրինակը հանձնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյին:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացատրել է, որ «2020 թվականի օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը չճանաչելու եվրոպական ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանն իր հավատարմագրերը չի հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին: Դրանց պատճենները, դիվանագիտական կանոններին համապատասխան, հանձնվել են միայն Բելառուսի արտգործնախարարությանը»:
Միաժամանակ նշվում է, որ Մինսկում Ֆրանսիայի դեսպանատան գործունեությունը չի դադարեցվելու:
Փարիզում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Իգոր Ֆիսենկոն էլ հետ է կանչվել Մինսկ՝ խորհրդակցությունների համար: