Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին՝ 20 համայնքում և 42 մեծամասնական ընտրատարածքներում, հայտարարել է Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Նաթիա Իոսելիանին, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
Ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա նաև Վրաստանի հինգ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Փոթիում և Ռուսթավիում: Մայրաքաղաքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: Մյուս չորս քաղաքներում ևս երկրորդ փուլում կպայքարեն նույն ուժերի ներկայացուցիչները:
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը անցկացվել է հոկտեմբերի 2-ին։ Իշխող կուսակցությունը համամասնական ցուցակներով ստացել է ձայների 46,75%-ը: Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժումն» էր՝ 30,67%-ով։ Երրորդը Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Զախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է՝ 7,81%-ով: