Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է Սիրիայում պայքարել երկու ճակատով: Էրդողանը պատրաստվում է կռվել և՛ Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական զինված խմբավորումների, և՛ այդ երկրի նախագահ Ասադի ուժերի դեմ, հայտնում է ТАСС-ը:
«Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնք ստանում են ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի աջակցությունը, ամրապնդվում են: Մոտակա ժամանակահատվածում նրանց դեմ մեր պայքարը կշարունակվի բոլորովին այլ կերպ: Մենք պայքարելու ենք ինչպես ահաբեկչական կազմակերպությունների, այնպես էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ: Մենք վճռական ենք տրամադրված այս հարցում»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե ինչպես է փոխվելու պայքարը Սիրիայում: Սակայն վերջերս Անկարայում ավելի հաճախ են սկսել հնչել հայտարարություններ Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների «ներկայությանը վերջ տալու» պատրաստակամության մասին: