Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես ձեռք բերված հրադադարի ռեժիմի երաշխավոր: Մեր օգնությամբ իրականացվում է մարդասիրական բեռների առաքում, տարածքները մաքրվում են ականներից, և, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկու կողմում էլ, երկու տարածքում էլ՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բժշկական օգնություն է ցույց տրվում բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր տեղահանվածներ՝ ավելի քան 52 հազար մարդ»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ ԱՊՀ տարածքում չի ստացվում խուսափել տարաձայնություններից ու հակասություններից: «Իսկապես վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են սուր հակամարտությունների ԱՊՀ անդամ պետությունների միջև, ինչպես, ցավոք, դա եղավ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը երախտագիտություն է հայտնել ԱՊՀ իր գործընկերներին՝ հակամարտությունը դադարեցնելուն ուղղված Ռուսաստանի գործողությունները գնահատելու համար: