Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ելույթ է ունեցել «Ռուսաստանի էներգիայի շաբաթ» ֆորումի լիագումար նիստում և անդրադարձել է Եվրոպա ռուսական գազի առաքումներին՝ գրում է РИА Новости-ն:
Պուտինը լիակատար անհեթեթություն, լուրջ պատճառներ չունեցող խոսակցություններ է որակել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը, իբր, գազը որպես զենք է օգտագործում:
«Նույնիսկ սառը պատերազմի ամենաբարդ ժամանակաշրջանում Ռուսաստանը պարբերաբար, մշտական հիմունքներով, ամբողջությամբ կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, գազ է մատակարարել Եվրոպային»,- հիշեցրել Է ՌԴ նախագահը:
Պուտինի գնահատմամբ՝ Եվրոպայում գազի գները բարձրանում են էլեկտրաէներգիայի սղության, գազի՝ եվրոպական շուկայում իրավիճակի անհավասարակշռության պատճառով:
Կայունությունն ու կանխատեսելիությունը կարևոր են գազի շուկայի համար, և այդ քաղաքականությունը պահպանելով՝ մինչև այս տարեվերջ Ռուսաստանը համաշխարհային շուկայում կհասնի գազի ռեկորդային մատակարարումների՝ ասել է ՌԴ նախագահը: Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել ընդառաջ գնալ գործընկերներին և Եվրոպա գազի մատակարարումն ավելացնել այնքան, ինչքան խնդրեն: