Դռնեդուռ՝ քարոզչության. այս մեթոդն է ընտրել «Հայրաքաղաքը»։ Հրաժարվել են ցուցանակներից ու մեծ հանդիպումներից:
Վահագն Հովհաննիսյանը ավագանու անդամի դաշինքի թեկնածուներից է, մասնակցել է քաղաքական տարբեր գործընթացների: Գյումրեցիները նրան ճանաչում են որպես արդարության ու ազատությունների համար տարիներ շարունակ պայքարող դասախոսի:
Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Լևոն Բարսեղյանն է։ Նրան էլ Գյումրու բոլոր թաղերում լավ են ճանաչում, պայքարի երկար տարիների փորձ ունի, հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, երկու անգամ ավագանու անդամ է ընտրվել, վերջին անգամ ընդդիմադիր ԳԱԼԱ-ի կազմում էր։ Լինելով Գյումրու անտեսված թաղերում՝ Բարսեղյանն ընդգծում է՝ կարևոր է քաղաքի համաչափ զարգացումը։
15 էջանոց նախընտրական ծավալուն ծրագրում կարևորում են քաղաքում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, այդ թվում՝ հասարակական տրանսպորտ, գիշերային լուսավորություն, աղբահանություն, թափառող շները պետք է հավաքվեն մեկ տիրույթում։
«Հայրաքաղաքը» խոստանում է յուրաքանչյուր նորածին գյումրեցու համար Գյումրու բյուջեից նպաստ հատկացնել, ՀՈԱԿ-ների՝ մանկապարտեզների, երաժշտական, սպորտդպրոցների աշխատակիցներին ապահովել սոցփաթեթով, ստեղծել զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն, անօթևանության խնդիրը լուծել կենտրոնական իշխանությունների հետ, իսկ ամենակարևորը՝ վերականգնել Գյումրու հեղինակությունը՝ ապահովելով արդար կառավարում քաղաքում։
Թիմում գյումրեցիներին հայտնի դեմքեր են․ մարզի լավագույն հոգեբանը, մանկաբույժը, դասախոսներ, ազատամարտիկներ, բոլորն աշախատող են, ապահովված մարդիկ՝ ասում է Բարսեղյանը։ Ընտրություններից հետո կգործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնք կապ չունեն նախկին իշխանությունների հետ: