«Ազատություն» և «Համերաշխություն» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Թասիբով» դաշինքը Գյումրիում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է հասարկությանը հաշտեցնելու և Գյումրիի մշակույթով Հայաստանը ջերմացնելու գաղափարներով։
«Թասիբով» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ցուցակում առաջինն է։ «Թասիբով» դաշինքը 22 հոգանոց ցուցակ էր ներկայացրել։ Նախընտրական քարոզչության շրջանում ավագանու անդամության թեկնածուներից մեկը հանկարծամահ եղավ։ Դաշինքը որոշ ժամանակ դադարեցրեց քարոզարշավը։ Ցուցակում հիմա 21-ն են՝ քանդակագործ, երաժիշտ, լրագրող, գործարար։ Նախընտրական ծրագրով խոստանում են գործարկել դպրոցական ավտոբուսներ:
Դաշինքն առաջարկում է Գյումրու խնդիրներին այլընտրանքային լուծումներ․ շենքերի համար ստեղծել կենտրոնացված ջեռուցման համակարգ, կայացնել համատիրությունների ինստիտուտը և նրանց բյուջե ունենալու հնարավորություն տալ։
Այլընտրանքային լուծումներ պետք է առաջարկել նաև տնակների խնդիրները լուծելու համար՝ կարծում է «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածուն։ Քաղաքապետ դառնալու դեպքում Կարապետ Պողոսյանը խոստանում է շաբաթական ոչ թե մեկ անգամ ընդունելություն գյումրեցիների համար, այլ ամենօրյա՝ օրական երկու ժամ։
Դաշինքն իրեն ընդդիմություն է համարում։ Բացառում է գործակցությունը միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։