Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացիներ Դևիդ Ջուլիուսը և հայազգի Արդեմ Պատապուտյանը։ Նրանց պարգևատրել են ջերմաստիճանի, ցավի ու ճնշման համար պատասխանատու ընկալիչների հայտնաբերման համար՝ հայտնում է Euronews-ը:
Գիտնականների հայտնագործությունը «հեղափոխական» են անվանել բժշկության զարգացման հարցում։
Նշենք, որ Պատապուտյանը ծնունդով Բեյրութից է, մասնագիտացած է մոլեկուլային և նեյրոկենսաբանության ոլորտում:
Այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով մրցանակը կհանձնվի այն երկրում, որտեղ գտնվում են դափնեկիրները, այլ ոչ թե Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավանդական արարողության ժամանակ:
Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ մրցանակը հանձնվում է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում կարևոր հայտնագործությունների համար: Մրցանակը շնորհում է Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի Նոբելյան վեհաժողովը։ Մրցանակին առաջադրելու իրավունք ունեն տարբեր երկրների գիտնականներ։
Այն շնորհվում է 1901 թվականից: Առաջին դափնեկիրը գերմանացի բժիշկ, մանրէաբան և իմունոլոգ Էմիլ Ադոլֆ Ֆոն Բերինգն է, որը դիֆթերիայի դեմ պատվաստման միջոց է մշակել: