Հաագայի միջազգային դատարանում չորեքշաբթի կշարունակվեն Մյանմայում ռոհինջա ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ լսումները, տեղեկացնում է BBC-ն: Երկրի ռազմական կառավարությանը կպաշտպանի Մյանմայի փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չժին: Միջազգային հանրությունը հիասթափված է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրից, քանի որ այսօր նա պաշտպանում է նույն գեներալներին, որոնք տասնամյակներ շարունակ նրան տնային կալանքի տակ էին պահում:
Այլախոհ և քաղբանտարկյալ Աուն Սան Սու Չժին համարվում էր ժողովրդավարության խորհրդանիշներից մեկը: Նրա քաջությունն ու համառությունը հիացնում էին աշխարհի միլիոնավոր մարդկանց: Երբ 2015 թվականին Աուն Սան Սու Չժին դարձավ Մյանմայի առաջնորդ, շատերը հույս ունեին, որ երկրում կզարգանա ժողովրդավարությունը, մինչդեռ նա չօգտագործեց իր հեղինակությունը՝ մարդու իրավունքները պաշտպանելու համար, և անտեսեց Մյանմայի զինվորականների կատարած դաժանությունները: Ավելին՝ լինելով երկրի փաստացի ղեկավարը՝ հենց նրա իշխանության օրոք սկսվեցին ռոհինջաների ջարդերը, բռնաբարություններն ու խոշտանգումները:
Այժմ ստորագրահավաք է սկսվել Աուն Սան Սու Չժիին Խաղաղության Նոբելյան մրցանակից զրկելու համար: Ավելի վաղ Amnesty International միջազգային կազմակերպությունը նրան զրկել էր «Խղճի դեսպան» բարձրագույն պարգևից:
Մյանմայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և իրենց ռազմական գործողություններն անվանում են պայքար զինյալների դեմ: