Լրացավ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի տարելիցը, սակայն Ադրբեջանը շարունակում է չկատարել եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին: Բաքվի կողմից Ժնևյան կոնվենցիայի խախտմանն ի պատասխան՝ ռուսական կողմը հայտարարում է, որ շարունակում է հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ջանքեր գործադրել:
Ալեքսեյ Զայցև, ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ - Շարունակում ենք հայ ռազմագերիներին ազատ արձակելուն ուղղված աշխատանքը՝ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու դիմաց։ Համոզված ենք, որ այդ գրգռիչների շուտափույթ և լիարժեք վերացումը կնպաստի Երևանի և Բաքվի հարաբերությունների առողջացմանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են, որ Մոսկվան առաջնորդվում է Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածություններից բխող խնդիրների կատարմամբ:
Ալեքսեյ Զայցև - Հիմք ենք ընդունում այն, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունները հուսալի երաշխիք են՝ ապագայում նման ողբերգական իրադարձություններ թույլ չտալու համար: Տարածաշրջանում կայունացման իր ջանքերում Ռուսաստանը հենվում է եռակողմ պայմանավորվածություններից բխող խնդիրների իրականացման, բոլոր ուղղություններով առաջ շարժվելու վրա:
Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կարևորագույն արդյունքը համանախագահների տարածաշրջան այցի մասին պայմանավորվածությունն է՝ ամենշաբաթյա ճեպազրույցին «Լուրերի» հարցին ի պատասխան ասաց ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: Համանախագահների տարածաշրջանային այցի ժամկետների և օրակարգի մասին ռուսական դիվանագիտական գերատեսչությունը մանրամասներ չի հայտնում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ժամկետների և օրակարգի մասին համանախագահներն իրենք կհայտարարեն։
Ալեքսեյ Զայցև - Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում տեղի ունեցած շփումների կարևոր արդյունքը հակամարտության երկու կողմերի համաձայնություն է եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ, որպեսզի շարունակվի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ուղիների որոնումը: Նախարար Լավրովն արդեն նշել էր, որ խոսքն, առաջին հերթին, դրական միտումների խրախուսման և ամրապնդման մասին է՝ այդ վայրերում հայկական և ադրբեջանական համայնքների գոյակության և համագործակցության ապահովման հաշվին:
Օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ ձևաչափում որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է աղավաղել եռակողմ պայմանավորվածությունների բովանդակությունը: Մասնավորապես, Ալիևը, հերթական անգամ բացահայտ ագրեսիա և սպառնալիք հնչեցնելով, նշել է, որ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։
Ալեքսեյ Զայցև - Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով: Մոսկվան նշում է փոխընդունելի փաթեթային պայմանավորվածություններին հասնելու՝ Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը, ինչը հետագայում թույլ կտա աշխատանքը տեղափոխել նախագծային համագործակցության հարթություն:
Սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները» վերաբերյալ բանաձևը: Զայցևը նշում է, որ փաստաթղթի քննարկման ընթացքում ռուսական պատվիրակությունը դիմումներ է ստացել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերներից։ Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ռուսական կողմը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը: Ինչ վերաբերում սահմանային միջադեպերի կանխմանը՝ ռուսական կողմի մոտեցումն անփոփոխ է:
Ալեքսեյ Զայցև - Բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում առկա խնդիրների և միջադեպերի կայուն և երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է՝ ողջ երկարությամբ հետագա սահմանագծմամբ:
Ռուսական կողմը ձևակերպված Երևանի և Բաքվի քննարկմանն է հանձնել համապատասխան բանակցային գործընթացի գործարկման ապահովման վերաբերյալ առաջարկություններ: Մոսկվան սպասում է կողմերի պատասխանին՝ հավելում է դիվանագետը: