ԹԲԻԼԻՍԻՆ ԿԱՋԱԿՑԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այցով կլինի Բաքվում: «Իմեդի թիվիի» հետ հարցազրույցում նա ասել է, որ հաջորդ այցը նախատեսված է Երևան: Վրաստանի վարչապետը հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, ինչը կարևոր նախապայման է հարցերը լուծելու համար: Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում առաջարկել էր համաշխարհային առաջնորդներին «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Դրանից հետո Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ Թբիլիսիում ստեղծելով հարթակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:
ԵԽ-Ն ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ երկու երկրների միջև փոխադարձ վստահություն ստեղծելու համար»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում։ Նա նշել է չկարգավորված հակամարտություններում երկխոսությանը մասնակցելու Եվրոպայի կարևոր դերը ժողովրդավարական անվտանգություն ապահովելու համար և ասել, թե կարևոր է, որ Եվրոպայի խորհրդի կառույցներն անարգել մուտք ունենան այդ շրջաններ։ Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ կողմերի միջև հակամարտության կարգավորման համար վստահություն ստեղծելու միջոցները կարևորագույն գործոններից են, և քանի որ երկու երկրները չեն առարկում, այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՈՉԻՈՒՄ
Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Կրեմլի հաղորդմամբ՝ քննարկվելու է նաև հետպատերազմական իրավիճակը Հարավային Կովկասում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Հանդիպումը կանցնի դեմ առ դեմ ձևաչափով, թեև մնացած բոլոր հանդիպումները Պուտինը շարունակում է առցանց անցկացնել: Ռուսաստանի նախագահը երկու շաբաթ է, ինչ ինքնամեկուսացել է:
ՔԱԼԸՆԸ՝ ՀՀ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայի նախագահի խոսնակ Ի․ Քալընը թուրքական Haber Gobal լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Արցախի հիմնախնդրի մասին։ Նա ընդգծել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը սկզբունքորեն դրական է նայում, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ չկա։ Քալընը, սակայն, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն, որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: