Հաջողակ և անկախ պետության կառուցման համար հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել։ Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանի վարչապետի շնորհավորական ուղերձից է: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ չնայած բազում դժվարություններին, հավատացած է, հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը։
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ - Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Ցանկանում եմ պատրաստակամությունս հայտնել այս փոխշահավետ գործակցության ամրապնդման համար։ Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։
Հայաստանի անկախության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, վերահաստատել կազմակերպության պատրաստակամությունը աջակցելու, մասնավորապես, հայկական այնպիսի նախաձեռնությունների, որոնք ուղղված են իրավական պետության ամրապնդմանը, ժողովրդավարության ուժեղացմանը և ֆրանսերենի խթանմանը:
Լուիզ Մուշիկիվաբո, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար - Մաղթում եմ, որ մեր կազմակերպության հետ առանձնաշնորհյալ կապերն ավելի սերտանան՝ շարունակելով առաջ մղել համերաշխության և ազատության ընդհանուր իդեալները՝ ավելի ուշադիր կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, ինչպես նաև մշակութային և լեզվական բազմազանությանը, ինչն այդքան թանկ է Ֆրանկոֆոնիայի համար։
Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական մեկ ուղերձ էլ Ուզբեկստանի նախագահից: Շավքաթ Միրզիյոևը համոզմունք է հայտնում, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ գործակցությունը մեր երկրների ներուժին համապատասխան կշարունակի հետևողականորեն զարգանալ:
Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը, սոցիալ-տնտեսական զարգացման պատասխանատու գործում հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարին: