ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանն ընթանում է սեպտեմբերի 14-ից: Այս անգամ՝ Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ ներկա են միայն 100 երկրի ղեկավարներ: Երեկ սկսվեցին բարձր մակարդակի հանդիպումներն ու ելույթները: ԱՄՆ նախագահի պաշտոնում ՄԱԿ-ի ամբիոնից առաջին ուղերձը հղեց Ջո Բայդենը և ավետեց՝ ԱՄՆ-ն դիվանագիտության ժամանակաշրջան է թևակոխում և չի փնտրում սառը պատերազմներ: Նա աշխարհին միասնական գործելու կոչ արեց:
Ջո Բայդեն, ԱՄՆ նախագահ - Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել աշխարհում ժողովրդավարության հաստատման և օրենքի գերակայության համար։ Վաշինգտոնն ակտիվորեն դիմակայելու է այն պետություններին, որոնք ցանկանում են ուժով գերակայություն հաստատել իրենց հարևանների նկատմամբ։ Մենք կաջակենք մեր դաշնակիցներին ու բարեկամներին՝ դիմակայելով ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նկատմամբ՝ տարածքային փոփոխությունների, տնտեսական ճնշման, տեխնիկական շահագործման կամ ապատեղեկատվության միջոցով առավելության հասնելու փորձերին: Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն։ Կրկնում եմ` մեզ նոր «սառը պատերազմ», երբ պետությունները բաժանված կլինեն կարծր դաշինքների միջև, պետք չէ:
Երկրների տարածքային ամբողջականության պահպանումը գերակայություն է Իրանի համար: Նախագահ Ռայիսին Գլխավոր ասամբլեային միացավ տեսակապի միջոցով: Իսլամական Հանրապետության ղեկավարը նաև վստահեցրեց՝ Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ հունիսին ընդհատված բանակցությունները, և երկիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի:
Էբրահիմ Ռայիսի, ԻԻՀ նախագահ - Իրանի անվտանգային մոդելը հիմնված է դիվանագիտության միջոցով ներտարածաշրջանային մեխանիզմների ստեղծման վրա: Մեր քաղաքականությունն է պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների կայունությունն ու տարածքային ամբողջականությունը:
Տարածքային ամբողջականության մասին թուրքական տեսակետն է ներկայացրել Ռեջեփ Էրդողանը և ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից հայտարարել՝ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Կրեմլը շտապել է արձագանքել. Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը Ղրիմի ճանաչման հարցում, մանավանդ այս ամիս սպասվող այցին ընդառաջ, բայց կշարունակի աշխատել Անկարայի հետ:
Դիվանագիտությունը որպես լավագույն գործիք կիրառելու ծրագրեր ունի նաև Չինաստանը:
Սի Ծինպին, ՉԺԴՀ նախագահ - Աշխարհը նորից պատմական խաչմերուկում է: Վստահ եմ, որ խաղաղության, զարգացման և առաջընթացի ճանապարհն անկասելի է: Եկեք գլոբալ սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայենք միասին և համատեղ աշխատենք, որ ավելի լավ աշխարհ ու ապագա կերտենք բոլորիս համար:
Գլոբալ խնդիրների լուծման ճանապարհները հնչեցին առաջնորդների ելույթներում, առանձին խնդիրները քննարկվեցին վեհաժողովի կուլիսներում՝ ժամեր տևած առանձնազրույցների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի վիճակը դրանցից մի քանիսի գլխավոր թեման էր:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մոտ մեկ ժամ մանրամասն քննարկել է հարցը, բովանդակության մանրամասները պետքարտուղարությունը չի հայտնում:
Նյու Յորքում կայացել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Հայ գերիների և ականապատ տարածքների փոխանակման, նաև նաև Կովկասում տեղի ունեցող զարգացումների մասին Նյու Յորքում խոսել են Թուրքիայի ու Վրաստանի ղեկավարները: Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև գործակցության լավ հիմք է՝ նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կավարտվի սեպտեմբերի 27-ին: