Շենքը «Կումայրի» պատմամշակութային արգելոցի կառույցներից մեկն է՝ Գյումրու կենտրոնական զբոսայգում գտնվող հին թատրոնը, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է Տիգրանյանի «Անուշ» օպերան: Երբեմնի լքված ու փլված թատրոնի շենքը «Թումոն» վերակառուցել է հիմնովին և վերադարձնում է Գյումրու երիտասարդությանը։
«Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ԱԺ նախագահի, կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսօր տրվեց նաև 50 մլն դոլար արժողությամբ «Թումոյի տուփեր» ծրագրի մեկնարկը։ Կենտրոնական գրասենյակներից զատ «Թումոն» տուփեր կոչվող կենտրոններ կհիմնի փոքր ու մեծ գյուղերում՝ սահմանամերձ համայնքներում:
Տուփերի ծրագրի գաղափարը ողջունվեց․ հատկապես՝ Կապանում, Բերդում «Թումո» ունենալն անհրաժեշտություն է։
Կառավարությունը մասնակցում և աջակցում է յուրաքանչյուր նման նորարարական գաղափարի, «Թումոն» ապացուցել է, որ այն, ինչ ներկայացնում է, իրատեսական ծրագիր է՝ ասում է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը։
Քաղաքի օրը վերաբացվում է նաև հին ծննդատունը, որը կառավարության որոշմամբ միավորվել է Գյումրի ԲԿ-ին, բայց կշարունակի գործել առանձին կառույցում՝ առաջվա մասնաշենքում։ Այն բոլորովին վերջերս նորոգվել է և այսօրվանից կկրի Գյումրու անվանի բժիշկ, Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի անունը։
Գյումրու օրն «Իմ սիրուն Գյումրի» խորագրով է անցկացվում և, ինչպես որոշել էր ավագանին, տոնախմբություններ չկան այսօր։ Փոխարենը մշակութային, հիշատակի միջոցառումներ են Գյումրու թանգարաններում։