ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են փոփոխությունների առաջարկներ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին այս տարվա օրինագծում, գրում է «Ամերիկայի ձայնը»: Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությունը Կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներինն է: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին: Ներկայացված փոփոխություններից կոնգրեսականներ Ջեքի Սփիերի, Բրեդ Շերմանի, Ֆրենք Փալոունի առաջ քաշած օրինագծերը միտված են արգելափակելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը:
ԵԽ-Ն ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար: Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը հետևում է եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ուշադրությասն է արժանասցրել թուրք հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալի և Ժողովուրդների դեմոկրատական կուսացության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ վճռի անտեսումը: ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է անհապաղ ազատ արձակել հասարակական, քաղաքական գործիչներին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ: Պատժամիջոցների հարցը, սակայն, հետաձգվել է Եվրադատարանի հաջորդ նիստի օրակարգ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:
DOING BUSINESS ԶԵԿՈՒՅՑԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Համաշխարհային բանկը դադարեցնում է տարբեր երկրների գործարար մթնոլորտի պայմանների գնահատման Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը: Որոշումը պայմանավորված է անցած տարիներին հաշվետվության կազմման ընթացքում թույլ տրված խախտումներով։ Զեկույցի հրապարակումը դադարեցվել է իրականացված աուդիտից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան 2017 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում, ենթակաների վրա ճնշում գործադրելով, ստիպել է այլ մեթոդներ կիրառել Չինաստանի գնահատականների դեպքում՝ այդկերպ բարելավելով դրանք։ Արդյունքում՝ 2018 թվականին Չինաստանին հաջողվել է պահպանել իր դիրքերը վարկանիշային աղյուսակի 78-րդ հորիզոնականում, մինչդեռ իրականում պետք էր գահավիժեր յոթ տեղով։
ՖՐԱՆՍԻԱՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ ԵՐԿՈՒ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Ֆրանսիան այս քայլին դիմել էսեպտեմբերի 15-ին երկու երկրի արած հայտարարությունից հետո, համաձայն որի անվտանգության հարցով գործակցություն է սկսվելու Միացյալ Թագավորության հետ, իսկ պաշտոնական Կանբերան խզել է Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես կարգադրել եմ խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին: Այս որոշումը պայմանավորված է Ավստրալիայի և ԱՄՆ-ի կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության ձևաչափ ստեղծելու մասին: