Ձեռներեց Իլոն Մասկի SpaceX ընկերությունը կազմակերպել է Inspiration4-ի թռիչքն ուղեծիր: Անձնակազմում միլիարդատեր Ջարեդ Այզեկմանն է՝ իր երեք գործընկերոջ հետ: Դա առաջին սիրողական անձնակազմն է, որն ուղեծիր է դուրս եկել կոմերցիոն առաքելությամբ: Խմբի հիմնական նպատակներից է 200 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքել Թենեսսի նահանգի Մանկական հետազոտական հիվանդանոցի համար, որը համարվում է քաղցկեղի բուժման աշխարհի ամենամեծ գիտական և կլինիկական կենտրոնը՝ գրում է BBC-ն:
«Դրագոն» տիեզերանավը տիեզերագնացներին հասցրել է 590 կմ բարձրության, որը Միջազգային տիեզերակայանի ուղեծրից բարձր է մոտ 160 կմ: Հայտնի է, որ տիեզերագնացները իրենց լավ են զգում, հարմարվել են անկշռելիությանը և գիտական փորձարկումներ են անցկացնում։
Անձնակազմը պետք է Երկիր վերադառնա հանգստյան օրերին: Նրանց պարկուճն ընկնելու է Ատլանտյան օվկիանոսում:
Եթե առաքելությունը հաջողվի, դա կխթանի տիեզերական զբոսաշրջության զարգացմանը, չնայած թռիչքները տիեզերք շարունակում են թանկ հաճույք համարվել: