Տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն՝ 7 երկրից. «Արմենիա էքսպո-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդես-ֆորումը բոլորին հավաքել է մեկ հարկի տակ՝ բացահայտելու, ճանաչելու, համագործակցելու:
Տաղավարներից մեկում էլ Հադրութից Հայաստան տեղափոխված ընտանիքի արտադրանքն է: Հայր ու դուստր իրենց նորաստեղծ փոքրիկ արտադրամաս-խանութի խմորեղենն են ներկայացնում: Մի քիչ Հադրութ ենք բերել՝ ասում է Հովիկ Սարգսյանը:
Հովիկ Սարգսյան, «Հադրութի խմորեղեն» արտադրամաս-խանութի հիմնադիր - Ունենք մեծ տեսականի, բայց հիմնականում այստեղ ներկայացված է Հադրութի ձևով պատրաստած փախլավա, դոշաբով թխվածք, Հադրութի գաթա, ժինգյալով հաց, թթխմորով հաց, որը մշակվում է երկար պրոցեսով:
Տաղավարներից մեկում էլ պտուտակների տեսականի է ցուցադրված՝ հայկական արտադրության: Գործարանի հիմնադիր-տնօրենը նշում է՝ այն տարածաշրջանում միակն է: Արտադրանքի որակը մրցակցային է, գները՝ նույնպես: Ընդամենը մեկ տարեկան գործարանն արդեն երկրորդ անգամ է «Արմենիա էքսպոյին» մասնակցում:
Գուրգեն Անտոնյան, «Գահ» պտուտակների գործարանի հիմնադիր տնօրեն - Ցուցահանդեսից գոհ ենք, իր արդյունքները տալիս է: Մեր հայ սպառողներին պետք է ներկայացնենք, որ հայկական արտադրանքն ավելի ճիշտ է գնել, որ որակով չի զիջում ոչ մի երկրի արտադրանքի: Մեծ սպառողներից մոտեցել են, համագործակցության առաջարկ են արել ու կհամագործակցեք, վստահ ենք, լավ է լինելու:
Բելառուսի տաղավարներից մեկում գյուղատնտեսական տեխնիկա է ներկայացվում: Ակնկալում են գտնել նոր գործընկերներ:
Ալեքսեյ Բոլդովսկի, բելառուսական ընկերության մարքեթինգի մենեջեր - Մեր կազմակերպության կազմում ընդգրկված է 13 ձեռնարկություն, որոնք արտադրում են գյուղտեխնիկա, զբաղվում բամբակի վերամշակմամբ: Ցուցահանդեսից լավագույն սպասելիքներն ունենք, փնտրում ենք գործընկերներ: Հույս ունենք՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի և շատ ուրախ ենք այստեղ լինելու համար: Արդեն երկրորդ տարին է մասնակցում ենք ցուցահանդեսին, հույս ունենք՝ արդեն հաջորդ անգամ այստեղ կգանք մեր գործընկերների մոտ:
«Արմենիա էքսպո-2021» միջոցառումը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և «Լոգոս էքսպո» կենտրոնը:
Ներսես Կարամանուկյան, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ - Այս միջոցառումը լուծում է մի շարք խնդիրներ: Ընկերությունները ներկայացնելով իրենց արտադրանքը՝ կարողանում են գտնել նոր շուկաներ, և քանի որ վեց երկրի ներկայացուցիչներ կան, այդ երկրների արտադրանքը կարող է Հայաստանում իր շուկան գտնել և այդ նույն երկրների ներկայացուցիչները կարող են հայկական ապրանքներ ձեռք բերելու երկարաժամկետ պայմանագրեր կնքել:
«Արմենիա էքսպոն» այս տարի հոբելյանական է՝ 20-րդը: Միջոցառման գլխավոր հովանավորն «ԱռլեԱմ» ընկերությունն է: Դարձյալ հայկական ու նորաստեղծ: Ընկերությունն Արագածոտնի մարզում գտնվող իր այգում խնձորի ու ծիրանի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ է աճեցնում, այդ բերքից հյութեր ստանում: Նաև մեղրի արտադրություն ունի ու ալկոհոլային խմիչքների մեծ տեսականի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան