ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանին, ըստ որի՝ չպատվաստված հանրային աշխատողները պիտի ամիսը 2 անգամ պարտադիր թեստ հանձնեն:
«Համավարակի մեկնարկի պահից սկսած՝ կիրառել ենք շատ լայն գործիքակազմ: Համավարակը հաղթահարելու, այսպես ասած, հույսը պատվաստումն էր: Բոլորս սպասում էինք, որ գիտական միտքը, ֆիլանտրոպները, արտադրողներն ու տարբեր երկրներ մեկտեղելով ուժերը՝ կկարողանան ստեղծել կանխարգելիչ արդյունավետ միջոց, որը կօգնի նվազեցնել վարակի տարածումը: Պատվաստանյութը ստեղծվեց, անցավ փորձարկման ընթացքները և այսօր լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում»,- ասաց Ավանեսյանը՝ շեշտելով, որ արդեն իսկ իրականացվել է 5 միլիարդից ավելի պատվաստում:
Ըստ նախարարի՝ իրենց պահանջներն իրավաչափ են:
«Մեր պահանջները իրավաչափ են, համաչափ են և հանգիստ կարող են կիրառվել: Այսօր բազմաթիվ նման միջոցառումներ շատ երկրներ կիրառում են: Սա բացառիկ միջոցառում չէ, որ միայն մենք ենք կիրառում: Ես լիահույս եմ, որ մեր երկրում գործընթացը լիարժեք անցնելու է, և քաղաքացիներն ստիպված չեն որևէ ծախս կատարել, որովհետև պետությունը հոգացել է պատվաստման ողջ ծանրաբեռնվածությունը»,- ասաց նա: