Երևանի Աշոտ Ղուլյանի անվան ավիամոդելավորման դպրոցի ռոբոտաշինության խմբակում աղմուկը չի դադարում: Մեկը գծագրում է, մյուսը՝ համակարգչով աշխատում:
Փոքր ձեռքերով մեծ գործ են սկսել: Որոշել են և՛ սովորել, և՛ սովորածը կիրառել: Ստեղծում են արհեստական ոռոգման համակարգ՝ Երևանի բուսաբանական այգու ջերմոցներից մեկի համար:
Բուսաբանական այգին ոռոգող սարքի մոդելն ստեղծել են: Հիմա փորձում են ավարտին հասցնել սարքը: Դրա համար անհրաժեշտ է գումար: Ձևը գտել են, տնից թուղթ են բերել ու վաճառել: Թղթի կարիք հիմա էլ ունեն: Կփորձեն համագործակցության եզրեր գտնել:
Գործն այստեղ ավարտեցին, գնում են Բուսաբանական այգի՝ չափումներ անելու: Զննում են բույսերը, մանրամասն չափում: Հենց այստեղ է լինելու սարքը: Այն ջրելու է շրջակայքի բույսերը:
Չափումներն արեցին, պարապմունքն ավարտեցին: Հաջորդ անգամ կրկին պետք է սարքի վրա աշխատեն: Ռոբոտաշինության խմբակի սաները շատ գործ ունեն: Բուսաբանական այգու ջերմոցներից մեկն արդիականացնելուց հետո սկսելու են մյուս ծրագրերը:
Հեղինակ՝ Անի Ավագյան