Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել այնպիսի մարզաձևերով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Այս մասին հայտնել է «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:
«Մենք ապրում ենք զանգվածային տեղեկատվության այնպիսի դարաշրջանում, երբ սպորտով զբաղվող կանայք կարող են հայտնվել լուսանկարներում ու տեսանյութերում, ինչին հետևելու են մեծ թվով մարդիկ: Իսլամն ու Աֆղանստանի իսլամական էմիրաթները թույլ չեն տալիս կանանց խաղալ կրիկետ կամ զբաղվել այնպիսի սպորտով, որտեղ նրանց մարմնի որոշ հատվածներ մերկ կլինեն»,- նշել է «Թալիբանի» ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ իսլամը թույլ է տալիս կանանց փողոց դուրս գալ ըստ անհրաժեշտության, իսկ սպորտն «անհրաժեշտություն չի համարվում»: