Բաց տարածքներում դիմակ կրելը չնայած այլևս պարտադիր չէ, բայց շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը: Էրեբունի վարչական շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները հիշեցնում են այս մասին:
Լենա Կարապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ավագ տեսուչ) - Հիմնականում շեշտադրումը դրվում է հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափերի առկայության վրա:
Տեսչական մարմնից ջերմաչափումների գրանցումների թերություններ արձանագրեցին. հորդորեցին գրանցամատյանները սահմանված կարգով կազմել:
Լենա Կարապետյան - Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գրավոր նախազգուշացումից հետո շարունակում են չպահպանել պահանջվող կանոնները, վարչական տույժ է կիրառվում:
Խախտման դեպքում առաջին անգամ նախազգուշացնում են կամ 100-300 հազար դրամ տուգանք նշանակում, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տնտեսվարողները տուգանվում են 150-500 հազար դրամով: Խանութների ցանցի աշխատակիցները վստահեցնում են՝ առանց դիմակի հաճախորդներին խանութ մտնել թույլ չեն տալիս:
Լենա Կարապետյան - Հիմնականում տնտեսվարողները հենց բողոքում են, որ չեն կրում դիմակներ հաճախորդները, չեն ադապտացվում դրա հետ, սակայն մեր ստուգայցերը ցույց են տալիս, որ դրական աճ կա:
Խանութներից դուրս՝ միջանցքներում առանց դիմակի հաճախորդներ այնուամենայնիվ կային: Տեսչական մարմնից հիշեցնում են՝ առանց դիմակի հաճախորդների համար պատասխանատվությունը տնտեսվարողի վրա է: Ի դեպ, վերջին 20 օրում 2188 տնտեսվարողի ստուգել են, դրանցից 1384-ը եղել են տրանսպորտում, 65 գրավոր նախազգուշացում են տվել, կազմել 372 բանավոր արձանագրություն: