Ընդդեմ կորոնավիրուսի պայքարին միանում են նաև լրագրողները. նրանք առաջին պատվաստումն են ստացել: Առողջապահական գերատեսչությունը պատվաստումը համավարակի դեմ պայքարի միակ միջոցն է համարում: Այս հորդորին անսացել է նաև «Լուրերի» նկարահանող խումբը:
Առողջապահության նախարարությունը լրագրողների պատվաստման ակցիա էր կազմակերպել:
Գայանե Խաչատրյան, ԱԱՏՄ իրազեկման և խորհրդատվության բաժնի պետ - Որոշեցի պատվաստվել, որպեսզի հնարավորինս շուտ ինձ ավելի ազատ զգամ, ավելի ազատ լինեմ շփումներիս մեջ:
Պատվաստումն ըստ ցանկության էր, բայց նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ պատվաստումային գործընթացը լուսաբանող լրագրողի պատվաստումը հանրության շրջանում ավելի մեծ վստահություն կարող է ներշնչել:
Հռիփսիմե Խաչատրյան, ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ - Շատ կարևոր է, որ լրագրողներն էլ հավատան այն ամենին, ինչի մասին խոսում են եթերից: Այս ամեն ինչի միջով յուրաքանչյուրս անցնելով՝ համավարակի դեմ պայքարում կկարողանանք մեր ներդրումն ունենալ:
Լրագրողը շփվում է ամենատարբեր մասնագետների հետ, լինում ամենաանհավանական վայրերում և աշխատել է նույնիսկ այն օրերին, երբ ամբողջ երկիրը կարանտինի մեջ էր ու բոլորը հեռավար էին աշխատում: Այս իմաստով լրագրողները ռիսկի խմբերից մեկն են:
Նրանց առաջարկվել են Հայաստանում այս պահին եղած երեք պատվաստանյութերն էլ: Յուրաքանչյուրն իր կամքով էր ընտրում: Հանրային հեռուստաընկերության մեր գործընկեր Դավիթ Մուրադյանը պատվաստվելով հույս ունի ծնողներին, ընկերներին, բոլոր նրանց, ում հետ շփվում է՝ զերծ պահել վարակվելուց ու հնարավոր վատ հետևանքներից:
Դավիթ Մուրադյան - Վտանգավորը չպատվաստվելն է և անպաշտպան թողնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, իսկ պատվաստվելը վտանգավոր չէ, որովհետև միջազգային կազմակերպությունները և բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել՝ համավարակի հետագա տարածումը կանխարգելելու համար:
Մինչև լրագրողներին կպատվաստեին, բոլորն անցնում էին համապատասխան զննում և ում առողջական վիճակը տվյալ պահին չբավարարեց՝ չպատվաստեցին, օրինակ՝ բարձր ճնշման պատճառով: Մասնագետներն էլ նախապես զգուշացրին. հաջորդ 48 ժամվա ընթացքում հնարավոր են հետպատվաստումային ռեակցիաներ, վախենալ պետք չէ:
Կարող է լինել մկանային թուլություն, ջերմություն, տեղային ցավ, դա համարվում է նորմալ հետպատվաստումային ռեակցիաներ: Խորհուրդ տվեցին անհրաժեշտության դեպքում ցավազրկող, ջերմիջեցնող խմել: Եվ որ ամենակարևորն է՝ չկարծել, թե հենց պատվաստվեցիր, արդեն պաշտպանված ես:
Գայանե Սահակյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - Պատվաստումից հետո անմիջապես դիմակները պետք չի հանել, անվտանգության կանոնները պետք չի մոռանալ: Պատվաստվելուց հետո մարդկանց թվում է, թե վերջ և վարակվում են:
Լիարժեք իմունիտետը ձևավորվում է երկու դեղաչափ պատվաստումից երկու շաբաթ անց: