Մինչև 2023 թ. ուժի մեջ կմտնի այս տարվա փետրվարին հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը, Տավուշի մարզում մեկնարկեց նախատեսվող փոփոխությունների փորձարկման փուլը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Որպեսզի կարողանանք առարկայական այս նոր չափորոշիչները փորձարկել, հասկանալ, թե դրանք ինչպես են աշխատում, ինչ խնդիրներ են առաջանում, ինչպիսի լրամշակման կարիք կա, համատեղ ջանքերով, ուսուցիչների հետ միասին այդ առաջարկները քննարկելով վերջնականացնենք և արդեն փորձենք ներդնել ամբողջ հանրապետությունում:
Կրթական չափորոշիչների փորձարկման համար մարզը պատահական չի ընտրվել: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Տավուշը լավ մեկնակետ կարող է լինել գործընթացը սկսելու և շարունակելու համար, սեպտեմբերից նոր չափորոշիչը կմտնի չորս դասարան:
Ժաննա Անդրեասյան - 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանները Տավուշի մարզի բոլոր դպրոցներում կանցնեն նոր չափանիշներով, սա կնշանակի, որ մենք փորձարկում ենք բոլոր բաղադրիչները, խոսքը թե՛ գնահատման համակարգի մասին է, թե՛ առարկայական նոր չափորոշիչների և նոր բովանդակության, ինչպես նաև մենք նախատեսում ենք փորձարկել մի քանի հավելյալ բաղադրիչներ: Խոսքը, մասնավորապես, առողջ ապրելակերպի խմբակի մասին է, որը կգործի իբրև պարտադիր խմբակ, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարտադիր գործնական բաղադրիչի` ռազմամարզական ճամբարի մասին է, նաև` մասնագիտական կողմնորոշման ակումբների մասին է, որը նախատեսում ենք ունենալ բոլոր դպրոցներում:
Կրթական ոլորտի գերատեսչությունը գործընթացն իրականացնում է «Եվրամիությունը` հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, մասնագիտական խմբերը աշխատել են մեկուկես տարի, վերանայվել են բոլոր առարկայական չափորոշիչները.
Ժաննա Անդրեասյան - Երեխաները ոչ թե պետք է առարկաներին վերաբերվեն իբրև պատմողական գիտելիքների շտեմարանների, այլ իբրև իրենց կյանքի և միջավայրի հետ անմիջական առնչություն ունեցող առարկաների:
Մեկնարկել են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք կշարունակվեն ամբողջ տարի: Դիլիջանի կենտրոնական դպրոցում առաջին հանդիպումը մարզի դպրոցների տնօրենների և ուսումնական գծով փոխտնօրենների հետ է, իսկ ուսուցիչները հետևում են հեռավար տարբերակով:
Էլիզա Բիլյան (Չինարի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Դեռ լիովին չենք պատկերացնում, բայց դրական փոփոխություններ կան՝ հատկապես գնահատականների հետ կապված: Հուսով ենք՝ լավ կլինի:
Ներկայացվեց նաև փոփոխության հիմնական ուղերձը: Այսպես չպետք է լինի, ի հակադրություն երեխաների ակնհայտ ձանձրույթ արտահայտող դեմքերով այս խորհրդանշական լուսանկարի, փոխնախարարի խոսքով, դպրոցն այն տեղն է, որտեղ երեխաները պիտի ուզենան հաճույքով գնալ: