Կապիտոլիումի վրա գրոհից վեց ամիս անց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից 535-ից ավելի ամերիկացի մեղադրվել է հարձակման ապօրինի գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալները:
Նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ հարձակման 495 մասնակից մեղադրվել է Կապիտոլիումի հսկվող շենք և հարակից տարածք մուտք գործելու և այնտեղ մնալու համար, 235-ը՝ դատավարությանը խոչընդոտելու և դրա վրա ազդելու փորձի, 165 մարդ էլ մեղադրվել է ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու կամ նրանց դիմադրություն ցույց տալու, 6-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակվելու և նրանց տեխնիկական միջոցներն ու սարքավորումները վնասելու համար: Ընդ որում, այս մարդկանցից ոմանք մեղադրվում են միանգամից մի քանի ապօրինի գործողությունների հարցով:
Հարձակման համար մեղադրվող 535 մասնակցից 10-ն իրեն մեղավոր են ճանաչել առաջադրված մի շարք մեղադրանքներում:
Հունվարի 6-ին հանրապետական Թրամփի՝ այդ ժամանակ երկրի ղեկավարի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք` կանխելու նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների՝ դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի հաստատումը: Շենքի ներսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը կրակել էր ու սպանել ցուցարարի: Բախումներից հետո մահացել էր Կապիտոլիումի ոստիկանության սպան: