Բալկանների ամենամեծ առևտրային նավահանգիստը՝ Բարը, որը գտնվում է Չեռնոգորիայում և հնարավորություն է տալիս մուտք գործել Կենտրոնական Եվրոպա, շուտով կարող է ամբողջովին և իրավականորեն անցնել Չինաստանին, հայտնում է France-2-ը:
2015-ին չինական բանկը Չեռնոգորիային 1 մլրդ եվրո էր տրամադրել՝ երկրի տարբեր մասերը միմյանց կապելու նպատակով մայրուղի կառուցելու համար: Շինարարական աշխատանքներն իրականացնում էր չինական մի ընկերություն: Վեց տարի անց, սակայն, կառուցվել է ամբողջ ճանապարհի ընդամենը 40 կմ-ը: Աշխատանքները ձգձգվել են, լայնածավալ նախագիծը չի ավարտվել, և, որ ամենակարևորն է՝ 1 մլրդ եվրոն արդեն ծախսվել է:
Պեկինի հետ այս անհավանական համարվող պայմանագիրը կնքել է Չեռնոգորիայի նախորդ իշխանությունը, և ներկա վարչապետը չի կարողանում հասկանալ, թե ինչու է Սերբիայում նույն երկարության և նման տարածքում գտնվող հատվածի մեկ կիլոմետրը արժեցել 16 մլն եվրո, իսկ Չերնոգորիայում՝ 26 մլն:
Վարչապետը կոռուպցիայի և վատնումների մեջ է մեղադրում գլխավոր կապալառուին ՝ չինական ընկերությանը, որը հրաժարվում է պատասխանել մեղադրանքներին:
Սակայն ավելի վտանգավորը պայմանագրի պայմաններն են, որոնց համաձայն, եթե Չեռնոգորիան չկարողանա գումարը վերադարձնել չինական բանկին, ստիպված կլինի զիջել այդ տարածքի մի մասը: Բար նավահանգիստը կարող է դառնալ Չինաստանի սեփականությունը՝ վնասի հատուցման դիմաց:
Չինացիները նման անհավանական պայմանագիր արդեն օգտագործել են Շրի Լանկայում և Ջիբութիում, Եվրոպայում սա առաջին դեպքն է:
Մայրուղու պարտքերը փակելու և տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը չկորցնելու համար Չերնոգորիայի կառավարությունն օգնություն է խնդրել Եվրամիությունից: Սակայն, պայմանագրում նշված է, որ ծագած վեճերը լուծելու իրավունք ունեն միայն Չինաստանի դատարանները: Չինացիները զգուշացնում են, որ եթե Եվրոպան ցանկանում է վճարել Չեռնոգորիայի փոխարեն, նախ պետք է ստանա Պեկինի համաձայնությունը: