Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդում: Խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքներն այսպես է մեկնաբանել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքների օրենսդրական ձևավորումից հետո դրանք կնպաստեն Հայաստանի աստիճանական զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման համատեքստում:
Զախարովան շեշտել է՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը նշել է, որ ընտրությունն անցել է օրենքին համապատասխան, և չկան խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, և այդ հարցում համակարծիք են նաև եվրոպացի դիտորդները: Խորհրդարանի ընտրության կապակցությամբ Երևանին շնորհավորել է նաև ԱՄՆ-ն:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտարկման առաքելության ընդհանուր առմամբ դրական գնահատականը: Ըստ դրանց՝ ընտրողների իրավունքները և հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել, և որ ԺՀՄԻԳ-ը ընտրության օրը քվեների հաշվարկը դրական է գնահատել:
Վաշինգտոնը կիսում է նաև ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները՝ կապված մասնակիցների խիստ բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության հետ:
Նեդ Փրայս - Հորդորում ենք բոլոր քաղաքական ուղղություններին հարող հայաստանցիներին հարգել այս ընտրության արդյունքները, երբ դրանք վավերացված կլինեն, մտահոգիչ խնդիրների հետ կապված կիրառել ընտրության բողոքարկման իրավական գործընթացը և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, մինչև Հայաստանը շարունակում է հետամուտ լինել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագային:
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, - նշել է Փրայսը՝ բարձր գնահատելով Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ուղղությամբ և ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, քաջալերելով Հայաստանին շարունակել այդ ճանապարհը՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համահունչ:
Նեդ Փրայս - Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական սկզբունքները և անհամբեր սպասում ենք նոր կառավարության հետ աշխատանքին՝ ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները և գործակցությունը:
Հայաստանի արտահերթ ընտրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրամիության խոսնակը: Նա ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականները, որ ընտրությունը եղել է մրցունակ և, ընդհանուր առմամբ, կարճ ժամանակահատվածում կառավարվել է պատշաճ կերպով:
Պիտեր Ստանո (Եվրամիության խոսնակ) - Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Մենք ակնկալում ենք սերտ գործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները՝ ի նպաստ Հայաստանի։
Պիտեր Ստանոն նաև ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի կողքին է բարեփոխումների կարևոր օրակարգի կյանքի կոչման գործում:
Պիտեր Ստանո - Եվրամիությունը պատրաստ է է՛լ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչելու երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները:
Խորհրդարանի ընտրության անցկացումը հաջող է որակել նաև հարևան Իրանը և շնորհավորել Հայաստանին: Արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունում հարևան երկրները մեծ կարևորություն ունեն և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ևս կարևոր է: Սաիդ Խաթիբզադեն նույնպես վստահություն է հայտնել, որ խորհրդարանի ու նոր կառավարության ձևավորմամբ՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները ավելի կխորանան: