Նախընտրական շրջանում սոցիոլոգիական հարցումները մշտապես օգտագործվում են տարբեր քաղաքական ուժերի կողմից: Հայաստանում ժամանակ առ ժամանակ, հատկապես նախընտրական շրջանում, ակտիվանում են քննարկումները «Գելափ» անվան և բրենդի վերաբերյալ: Սակայն տարբեր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ է մի քանի հստակեցում:
Գոյություն ունի «Գելափ» անունով երկու ընկերություն. առաջինը Միջազգային հեղինակավոր «Գելափ կորպորացիա» վերլուծական և խորհրդապահական ընկերությունն է, որը հիմնադրվել է 1935 թ.՝ Ջորջ Գելափի կողմից: Կազմակերպության կենտրոնակայանը Վաշինգտոնում է:
Այսօր հեղինակավոր «Գելափ կորպորացիան» գործում է աշխարհի 30 կետերում, որոնք ներկայացված են ընկերության պաշտոնական կայքում: Հատկանշական է, որ այդ ցանկում որևէ հիշատակում չկա Հայաստանի մասին:
Չնայած «Գելափ կորպորացիան» Հայաստանում ներկայացված չէ և չի իրականացնում հանրային կարծիքի ուսումնասիրություններ, լրատվականներում բավական հաճախ կարելի է հանդիպել «Գելափ» անվանումը:
Հայաստանում գործում է Ջորջ Գելափի անվան հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «Գելափ միջազգային ասոցիացիայի» անդամ կազմակերպություն: «Էմ փի ջի» ՍՊԸ-ն 2011 թ. է դարձել «Գելափ միջազգային ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչը, որը պարբերաբար ներկայացնում է տարբեր հարցումների արդունքներ:
Իրավիճակի հստակեցման համար «Լուրերը» հարցում էր ուղարկել «Գելափ» կորպորացիային: Փորձել էինք ճշտել, թե ինչ առնչություն ունի հեղինակավոր «Գելափ կորպորացիան» Գելափ միջազգային ասոցիացիայի հետ: Հարցմանը գրավոր պատասխանել է «Գելափ» կորպորացիայի փոխնախագահ Քեն Անդերսենը:
Քեն Անդերսեն, «Գելափ» կորպորացիայի փոխնախագահ - «Գելափ» կորպորացիային են պատկանում «ԳԵԼԱՓ» ապրանքանիշի հեղինակային իրավունքները Հայաստանում: Մենք չենք արտոնել «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ին՝ օգտագործել «Գելափ» անունը: «Էմ Փի Ջի»-ն շահադիտական նպատակներով է օգտագործում մեր անվան համաշխարհային համբավը և բարի կամքը՝ Հայաստանի ժողովրդին ապակողմնորոշելու համար: «ԳԵԼԱՓ»-ի օգտագործումն «Էմ Փի Ջի»-ի կողմից ապրանքանիշի իրավունքների օրինախախտում է, և մենք ուսումնասիրում ենք իրավական գործընթաց սկսելու մեր հնարավորությունները: «Էմ Փի Ջի»-ն «ԳԵԼԱՓ»-ը չէ, որևէ առնչություն չունի «ԳԵԼԱՓ»-ի հետ և «ԳԵԼԱՓ» անունն օգտագործելու որևէ իրավունք չունի: «Գելափ միջազգային ասոցիացիան» որևէ իրավունք չունի «ԳԵԼԱՓ» անվան նկատմամբ, ուստի չունի որևէ իրավական հիմք՝ թույլատրելու այլոց օգտագործել այդ անունը:
Բացի անվանման հետ կապված խնդիրներից «Գելափ միջազգային ասոցիացիայի» անդամ և գործընկեր կազմակերպությունների սոցիոլոգիական հարցումները ևս շատ հաճախ մեծ աղմուկ են հանում՝ ոչ վստահելի արդյունքների պատճառով:
Օրինակ՝ վերջերս Ֆիլիպիններում «Գելափ միջազգային ասոցիացիայի» կողմից իրականացրած հարցումների համաձայն՝ ֆիլիպինցիների 80 տոկոսը «լավ» էր գնահատել կառավարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում: Նման ոչ վստահելի արդյունքը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ Ֆիլիպինների նախագահն այդ ընթացքում աչքի էր ընկել բավական արտասովոր քայլերով՝ անգամ հրամայելով կրակել կարանտինը խախտած քաղաքացիների վրա:
Բուլղարիայում ևս խնդրահարույց են համարվում Գելափ միջազգային ասոցիացիայի անցկացված հարցումները: 2017-ին Ռուսաստանում Բուլղարիայի նախկին դեսպան Իլիան Վասիլևը, The Wall street Journal-ի հետ զրույցում խոսելով Բուլղարիայի նախագահական ընտրությունների նախընտրական հարցումների մասին, հայտարարել էր, որ «Գելափ միջազգային ասոցիացիայի» իրականացրած հարցումը մեթոդաբանության և ֆինանսավորման մանրամասներ չի պարունակում: Ըստ նրա՝ տարբեր շահագրգիռ ուժեր օգտագործում են արևմտյան «Գելափ» կորպորացիայի անունը՝ մարդկանց հիմարացնելու և իրենց ուղերձները տեղ հասցնելու համար։
«Լուրերը» «Գելափ» միջազգային ասոցիացիային հարցում էր ուղարկել, թե ինչ կարծիք ունի կազմակերպությունն իր անդամ տարբեր ընկերությունների անցկացրած հարցումների հանդեպ կասկածների և շահարկումների վերաբերյալ:
Միխայել Նիցշե, «Գելափ միջազգային ասոցիացիայի» փոխնախագահ - Եթե մենք ստանանք փորձագետների հիմնավոր քննադատությունները, անպայման կարձագանքենք դրանց: Ավելին, մենք հետաքրքրությամբ կուսումնասիրենք սոցիոլոգիական այլ հարցումների արդյունքներ, որոնք տարբերվում են մեր անդամ կազմակերպությունների արդյունքներից: Եթե տրամադրեք այլ կազմակերպությունների հարցումներ, որոնք ցույց են տալիս այլ պատկեր, մենք կքննենք դրանք: