Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախընտրական շրջանն ավարտեց երգով: Վերջին օրը Երևանում կազմակերպվեց Ռուբեն Հախվերդյանի համերգը: Երգահանը կուսակցության ցուցակի երկրորդ համարն է: Քաղաքական ուժի ղեկավար Տիգրան Խզմալյանի խոսքով՝ երբ իրենք խոսում են Եվրոպական Հայաստանի մասին, նախ խոսքը մշակույթին է վերաբերում: Ինչի՞ համար ապրել, կռվել, եթե ոչ մշակույթի:
Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակի 1-ին համար - Ինձ համար, իմ համախոհների համար Եվրոպական Հայաստանը մշակույթի երկիր է, հայերենի երկիր է, ոգու, պատմության երկիր է, ազատության, մարդու իրավունքների, օրենքի, այն երկիրն է, որտեղ ձեր երեխաները կստանան լավ կրթություն: Այդ հնարավորությունը կա այսօր:
Կուսակցությունում վստահ են՝ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Պետք է նախաձեռնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց:
Խզմալյանի խոսքով՝ Հայաստանը երբեք չի ունեցել այսքան պարզ ու հեշտ ընտրություն և այդ ընտրությունը Եվրոպան է: