Քարոզարշավի վերջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքն ամփոփում է ընտրարշավը: Արմեն Աշոտյանը խոսքն սկսում է, իր բնութագրմամբ, անհանգստացնող տեղեկատվությամբ: Վերջին 2 օրերին «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն ահազանգեր են ստանում:
Արմեն Աշոտյան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ - Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ:
Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերում, բերման ենթարկում պետերին:
Արմեն Աշոտյան - Նորից կրկնեմ՝ առանց որևէ հիմքի, առանց որևէ փաստի:
Աշոտյանը պնդում է՝ նման գործողությունները խանգարեցին իրենց վերջին օրը պատշաճ քարոզարշավ իրականացնել: Անդրադառնում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա հանրահավաքին և ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի բանավեճին: Մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ Արցախի անկախության ճանաչումը պատերազմի կբերեր: Աշոտյանի պնդմամբ՝ ճանաչման գործընթացը պետք է ակտիվանար 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ 2 արդարացի պատճառ կար՝ հոկտեմբերի 10-ի և 17-ի հումանիտար զինադադարների պայմանավորվածությունների Ադրբեջանի կողմից խախտումները:
Արմեն Աշոտյան - Երկրորդ թեզը: Բանակցային ժառանգություն: Ես անցած անգամ այս ասուլիսին ցույց տվեցի ձեզ Նիկոլի սուտը հերքող ամենապարզ փաստաթուղթը՝ ՄԽ համանախագահ երկրների անունից, ՌԴ անունից, որը չհերքվեց ոչ մեկի կողմից, հրապարակված բանակցային ժառանգությունը Սերժ Սարգսյանի կողմից թողնված, որտեղ պարզ գրված էր՝ 5 շրջան միջանկյալ կարգավիճակ, 2 շրջան՝ շաղկապված վերջնական կարգավիճակի հետ:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում Արցախի հարցի վերաբերյալ լուծումն Աշոտյանն ամենապրոֆեսիոնալն է համարում:
Արմեն Աշոտյան - Դժվար է Հայաստանում գտնել քաղաքական թիմ, որի նախընտրական ծրագրում իրական գիտելիքները, փորձը և կարողությունները համապատասխանում են մեր երկրի առջև առկա մարտահրավերներին, անվտանգության ու Արցախի հարցին:
Աշոտյանը կանխատեսումներ չի անում, բայց կարծում է, որ իրենց քաղաքական ուժը կայուն երկնիշ ցուցանիշով 3-րդն է լինելու: