Հունաստանը ուժեղացնում է ճնշումը Գերմանիայի վրա` դադարեցնելու 6 սուզանավի վաճառքը Թուրքիային` Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, գրում է Ahval-ը:
Հունաստանի պաշտոնյաները պնդում են, որ Թուրքիայի կողմից գերմանական արտադրության դժվար հայտնաբերվող Type 214 սուզանավերի ձեռքբերումը կհանգեցնի նրան, որ իրենց երկիրը կկորցնի ռազմական առավելությունը Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան շրջաններում:
Թուրքիան ձգտում է ավարտել Գերմանիայից մի շարք պաշտպանական գնումները, որոնք ներառում են նաև մասեր հայրենական արտադրության տանկերի ծրագրի համար:
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածություն առաջացավ ծովային սահմանների շուրջ վեճերի պատճառով, երբ Անկարան Հունաստանի կղզիներին և Կիպրոսին հարող թուրքական ափերի մոտ սկսեց ածխաջրածնային հանքերի հայտնաբերման աշխատանքը: Կողմերն այդ տարածքն իրենցն են համարում:
Դեկտեմբերին Եվրամիությունը հաստատեց գազի հետախուզման մեջ ներգրավված թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները, բայց Գերմանիան մերժեց Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի առաջարկը, հատկապես սուզանավերի վաճառքն արգելելու կոչերը:
«Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի պահանջը ռազմավարական առումով ճիշտ չեմ համարում: Մենք տեսանք, թե ինչպես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան հեշտությամբ հրթիռներ գնեց Ռուսաստանից, քանի որ չէր կարող դա անել ԱՄՆ-ից»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: