Երբեք չեմ ասել, որ ընտրություններում հաղթելու ենք, ես ասել եմ՝ ՀՀ քաղաքացին կորոշի: Այս մասին այսօր ջերմուկցիների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Քարոզարշավի ոգուց, բազմամարդությունից, պատուհաններից, ճանապարհներին մարդկանց ողջույններից մենք հասկանում ենք, որ քաղաքացին վճռական է տրամադրված: Եթե դուք որոշեք, որ մենք պետք է գնանք՝ մենք կգնանք, մենք դա չենք վիճարկի: Եթե որոշեք, որ մենք պետք է մնանք՝ մենք կմնանք, կշարունակենք մեր ծառայությունը, ինչքան էլ հասկանում ենք, որ մեր ծառայությունը անթերի չի եղել»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց՝ քարոզարշավի ընթացքում հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է, որքան մարդկանց աչքերի մեջ նայելը:
«Շատ բաներ կան, որ չես ասի, բայց մարդկանց հայացքում արտահայտված է: Ես, օրինակ՝ շատ բաներ ասել եմ, գիտեք, որ շատ բաներ էլ կան, որ չեմ կարողանում ասել, բայց երբ տեսնում եք ինձ, տեսնում եք իմ հայացքը, իմ աչքերը, հաստատ կարդում եք այնտեղ շատ ավելին, քան ես ասում եմ: Սա փաստ է, վկայություն է, որ ՀՀ կառավարության և ժողովրդի միջև կա հոգևոր արժեքային կապ: Այդ կապն է, որ այս 7-8 ամսվա ընթացքում մեր պետականությունը կարողացավ պաշտպանել անշրջելի ցնցումներից, քաղաքացիական բախումներից: Այդտեղ ՀՀ քաղաքացու դերն անգնահատելի է»,- ասաց Փաշինյանը: