Նախընտրական քարոզարշավի այս տասը օրերի ընթացքում ժողովուրդը զարգացրել է քաղաքական գործընթացը և հասցրել նախահեղափոխական վիճակի՝ Եղեգնաձորում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ, այն տարբերությամբ, որ 3 տարի առաջ մենք անում էինք ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Այս անգամ հասունացել է կրկին ոչ բռնի, ոչ թավշյա, սակայն այս անգամ՝ պողպատե հեղափոխության ժամանակը»,- հայտարարել է նա:
Փաշինյանը հիշեցրել է՝ վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կանցկացնի համապետական հանրահավաք: «Կլինի ճշմարտության ժամը, և ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով պետք է մեկտեղվեն Երևանի Հանրապետության հրապարակում՝ ի ցույց դնելու ակնհայտը, ի ցույց դնելու, որ ժողովրդի առաջ խաղ չկա, և բոլոր այն ուժերին, որ փորձելու են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, սպասվում է դաժան ֆիասկո»,- հայտարարել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է գնա ընտրական տեղամասերում՝ վերահաստատելու իր իշխանությունը: Նրա խոսքով՝ ժողովուրդը իր որոշումը կայացրել է, արձանագրել է, որ ապագայի հաղթանակն այլընտրանք չունի: