Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավն այսօր շարունակեց Սյունիքի մարզում: Փաշինյանը վստահ է՝ Սյունիք կատարած այցելությունը քաղաքական իրադրություն է փոխել: Նրա համոզմամբ՝ ջարդվեց միֆը, թե սյունեցին հակադրված է Հայաստանին:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 1-ին համար -Մի շարք համայնքներում երեկ հայտարարել եմ, որ կան ապաշնորհ պաշտոնյաներ, հակապետական պաշտոնյաներ, ու Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի բնակիչներին խոստացել եմ, որ որոշ ապաշնորհ պաշտոնյաներին նրանք տեսնելու են ասֆալտի վրա պառկած: Որպես բարի կամքի արտահայտում, կարող եմ ասել, որ այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ առաջիկա օրերին պառկել ասֆալտին՝ իմ նշված հատվածներում, «սելֆի» անել և այդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջում, որպեսզի ազգային համաձայնության մթնոլորտում այդ խնդիրը լուծենք:
Հաջորդ կանգառը Վայոց ձորի Ջերմուկ համայնքում էր: Այստեղ էլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններին հաղթելու է Հայաստանի քաղաքացին: Նա անդրադարձավ ընդդիմադիրների կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կողմից 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խոստացավ` ընտրակաշառքի մասին վկայող յուրաքանչյուր տեսանյութի դիմաց:
Նիկոլ Փաշինյանը «Գազպրոմ-Արմենիա» ընկերության աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ իրենց պարտադրում են հանրահավաքների գնալ: Հույս ունի, որ փաստերը չեն հաստատվի, հակառակ դեպքում՝ ծանր հետևանքներ է խոստանում:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեպքում էի ասում, այնպես էլ «Գազպրոմ-Արմենիայի» համար, այդպիսի գործունեությամբ զբաղվող ցանկացած աշխատող մինչև հուլիսի 15-ն առնվազն աշխատանքից ազատվելու է, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին: Չհասկացա՝ «Գազպրոմ-Արմենիան» կարող է Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատե՞լ, մտքներովդ չանցնի:
Ամուլսարի խնդիրը նույնպես Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վստահեցրեց՝ ամեն որոշում բնակիչների հետ քննարկելու է: Ջերմուկցիների հետ քայլերթից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Վայքում էին, որտեղ էլ Փաշինյանը խոսեց դատաիրավական համակարգից:
Նիկոլ Փաշինյան - Սերժ Սարգսյանի մի եղբորորդին ազատ է արձակվել դատարանից, մյուս եղբորորդին դատապարտվել է ազատազրկման, հինգ ընտրակաշառատու կալանք են ստացել: Վերջին սոցհարցումնեը ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ դատական համակարգը կախված է նախկին իշխանություններից, բայց ես ուզում եմ ասել հետևյալը, որ մեր դատական համակարագում տեղի են ունենում շատ լուրջ, խորքային ու բովանդակային փոփոխություններ:
Վայոց Ձորի Մալիշկա ու Եղեգաձոր համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավն սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Կառավարող ուժի ներկայուցիչները խոսեցին Վայոց ձորի մարզում ջրային ռեսուրսների լայնածավալ ծրագիր իրականացնելուց և այլ գյուղատնեսական ծրագրերից, իսկ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Եղեգնաձորը վերջին մարզկենտրոնն է, որտեղ քարոզարշավ են իրականացնում, մարզում վերջին կանգառն Արենիում էր: