ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքների վերացման ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձանց և արտերկրի քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման նպատակով ժամանակավոր միջոցառումների» մասին՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Մասնավորապես, դադարեցվում է այն փաստաթղթերի վերջնաժամկետի լրացումը, որոնք արտասահմանցիներին իրավունք են տալիս գտնվել Ռուսաստանի Դաշնությունում: Սա նշանակում է, որ այդ մարդկանց համար չի կարող ավարտվել կացության իրավունքը: Նմանօրինակ իրավունքը կգործի նրանց համար, ովքեր ունեն մուտքի արտոնագիր, միգրացիոն քարտ կամ Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման օժանդակությանը պետական ծրագրի մասնակցի վկայական:
Հրամանագրով արգելվում է նաև օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսումը երկրի տարածքից: Բացառություն կլինեն բանտերից ազատ արձակվածները կամ նրանք, ովքեր վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:
Այս միջոցառումը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: