Դպրոցի պայմանները չեն փոխվել նախորդ 3 տարում և դրանից առաջ՝ տասնյակ տարիների ընթացքում: 113-րդ դպրոցում Հաղթանակ թաղամասի բնակիչների հետ հանդիպումը «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը սկսեց դպրոցի պայմանները երկրի վիճակի հետ համեմատելով:
Տիգրան Ուրիխանյան («Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար) - Հիմա ուզում եմ հասկանալ, ձեր մեջ կա՞ն մարդիկ, որ ուզում են ճեղքել այդ վիճակը: Ովքեր չեն ուզում լսել նրանց իրար դեմ ուղղված հայհոյանքները, ում գործունեության ընթացքում դպրոցը եղել է ու կա նույն վիճակում: Կա՞ն մարդիկ, որոնց հետաքրքիր է, թե ինչպես շատ արագ, մինչև սեպտեմբեր չէ, ամիսների ընթացքում կարելի է դպրոցը բերել 21-րդ դարի կարգավիճակի:
Տիգրան Ուրիխանյանը ոչ միայն դպրոցին, այլև կրթությանը, առողջապահությանը, գյուղատնտեսությանը և մյուս ոլորտներին վերաբերող խնդիրների՝ արագ լուծվող տարբերակներ ունի, շեշտում է՝ եթե ներկաները ընտրեն իրենց: Ծրագրերից է նաև 1 տարվա ընթացքում հայկական սոցիալական հարթակ ստեղծելը, 3 տարում այդ հարթակում աշխարհի բոլոր հայերին ներառելը: Այդ բոլոր փոփոխությունները կբերեն 15.000 նոր աշխատատեղ մի քանի ամսում՝ շարժիչներ նորոգողներից մինչև եռակցող: Ուրիխանյանի վստահեցմամբ՝ պահանջարկը կա: Իսկ անվտանգության հարցերը պետք է լուծել ժամերի ընթացքում:
Տիգրան Ուրիխանյան - Գիտե՞ք, Հայաստանում կան,- Հայաստանի, ճանաչված ինքնիշխան Հայաստանի, ՄԱԿ-ի անդամ Հայաստանի, ճանաչված սահմաններով Հայաստանի, վիճելի տարածքների մասին չէ խոսքը,- Հայաստանում գյուղեր կան, որոնք փակ են, մեր ԶՈՒ-ը փակել են և սահմանափակել են մարդկանց տեղաշարժը, քաղաքացիները չեն կարող մտնել-դուրս գալ: Գիտե՞ք նման բան: Եվ այն գտնվում է այստեղից՝ այս դպրոցից, 150 կմ հեռավորության վրա: Դա միջին հեռավորության հրթիռների հեռավորության խնդիր է:
Իրենց ընտրվելու դեպքում և ընտրվելուց հետո առաջին իսկ ժամերին հենց այդ հարցով են զբաղվելու՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի կետերը բարձրաձայնելով:
Տիգրան Ուրիխանյան - Մենք ունենք պայմանագիր, ինչո՞ւ այդ պայմանագիրը չի գործարկվում՝ ես չգիտեմ: Խոստանում եմ՝ կիմանաք, եթե մենք ընտրվենք, և խոստանում եմ, որ դա կիրականացվի, եթե մենք ընտրվենք:
Ուրիխանյանին ներկաները ևս հարցեր ունեին՝ արհմիությունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված: Նաև հետաքրքրվեցին ամենակարևոր հարցի՝ գերիների վերադարձի մասին:
Տիգրան Ուրիխանյան - Եթե հանկարծ, ձեր ու Աստծո կամոք մենք ընտրվեցինք և ձևավորեցինք իշխանության ամբողջական տիրույթ, առաջին զանգը, ընդ որում՝ հրապարակային, փաստի առաջ կանգնեցնելու առաջին զանգը լինելու է Վլադիմիր Պուտինին հետևյալ հարցով՝ ե՞րբ կիրականացվի Ձեր կողմից ստորագրված այդ համաձայնագրի այդ կետը: Եվ եթե Վլադիմիր Պուտինը պատասխանի՝ երբեք, կամ չգիտեմ երբ, կամ երկար ժամանակ անց, աշխարհը կտեսնի, որ Ադրբեջանը կարողանում է Ռուսաստանի հախից գալ ընդամենը ինչ-որ մի կետ ինչ-որ մի համաձայնագրի չիրականացնելով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան