Ադրբեջանի զորքերն աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից: Քարոզարշավի 9-րդ օրն այս մասին Սիսիան քաղաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ ողջ միջազգային հանրությունը պաշտպանում է այս տեսակետը:
Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և մեր պատկերացումը հետևյալն է՝ սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից-Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում, դեմարկացիա, դելիմիտացիա: Մինչ այդ, զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև՝ փոխվում է համապետական հանրահավաքի օրը: Պատճառը նույն օրը նույն վայրում «Հայաստան» դաշինքի հրավիրած հավաքն է:
Նիկոլ Փաշինյան - Պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որպեսզի հետագայում ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա: Մենք այս հաշվարկը հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու: Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից, գյուղերից մեր համախոհները, համակիրները հավաքվում են Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, իսկ հունիսի 18-ին ես ուղիղ զրույց և խոսակցություն կունենամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի և քաղաքացիների հանդիպումը Սիսիանում ավարտվեց քայլերթով: Փաշինյանն այնուհետև ուղևորվեց Գորիս, որտեղ անդրադարձավ Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրներին:
Նիկոլ Փաշինյան - Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի մեր սահմանապահ զորքերի հսկողության տակ անցած հատվածներում սահմանային ուղեկալներ կառուցվեն, և սահմանային պահպանությունը տեղի ունենա բարձր մակարդակով:
Պետական սահմանի պահպանության համատեքստում Փաշինյանը հիշատակեց որոշ պաշտոնյաների օֆշորային գոտում գրանցված հաշիվները, նշելով՝ այնտեղ հարյուր միլիոնավոր դոլարներ են հոսել հենց Սյունիքից:
Նիկոլ Փաշինյան - Այն մարդիկ, որոնք ամբողջ Հայաստանն ուզում են հակադրել Սյունիքին, Սյունիքն այդ մարդկանց հայրենիք չէ, այլ օֆշորային գոտում գտնվող հաշիվները լիցքավորելու աղբյուր, սեփական ՍՊԸ-ներով ժողովրդին պատկանող հարստությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պտտելով իրենց ու հարազատների գրպանները լցնելու աղբյուր, սահմանային մաքսային տերմինալներն աշխատացնելու աղբյուր, և մենք նրանց այդ բոլոր աղբյուրները կտրելու ենք ու վերադարձնելու ենք ժողովրդին: Այսօր մարդիկ կան՝ փորձում են իրենք իրենց ներկայացնել որպես բարեգործ: Դուք բարեգործ չեք, դուք զինվորի հացը գողացող եք և դուք պետության առաջ ձեր պարտավորությունները հատիկ-հատիկ կատարելու եք:
Նիկոլ Փաշինյանն օրվա ընթացքում քայլերթեր անցկացրեց նաև Ագարակ, Մեղրի և Քաջարան համայնքներում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը տեղի ունեցավ Կապանում: Քարոզարշավի Սյունիքի հատվածը Փաշինյանը կշարունակի հունիսի 16-ին՝ Գորայք համայնքում: