Արցախյան հիմնախնդիրը բարդագույններից է ու դեռևս վերջնական լուծում չի ստացել: Այս համոզումն ունի «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն: Նորայր Նորիկյանը կարծում է, որ պատերազմում պարտվել է քաղաքական միտքը: Հիմա առաջնային է համարում Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը:
Նորայր Նորիկյան (վարչապետի թեկնածու, «Արդար Հայաստան») - Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանը, այնտեղի բնակչության համար նորմալ կենսական պայմաններ ապահովելու ձևավորմանն ուղղված աշխատանքներ կատարելուն: Միաժամանակ, պետք է ստեղծվի բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Արցախից տարհանված մեր հազարավոր բնակիչներ վերադառնան Արցախ:
«Արդար Հայաստան» կուսակցության հիմնական նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է: Քաղաքական ուժն ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը՝ դարձնելով այն 18 ամիս: Ըստ Նորայր Նորիկյանի՝ առաջիկա տարիներին հասարակության ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնել բանակի վերականգնման վրա, անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր զինված ուժեր:
Նորայր Նորիկյան - Գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում պետք է մարտական հերթապահություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողները, այլ պրոֆեսիոնալ սահմանապահները, ինչպես նաև ժամանակակից ռոբոտատեխնիկայով պետք է հագեցվի մեր սահմանների պաշտպանությունը:
Քաղաքական ուժը կարևորում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ժամանակն է ձևակերպել հանդուգն մեգանախագծեր՝ նշում է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդը:
Նորայր Նորիկյան - Խոսքը վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Հայաստան-Իրան ջրատարի մասին, նոր ատոմակայանի վերագործարկման մասին:
Նորիկյանի խոսքով՝ աշխարհի հետ հարաբերվելու լեզուն Հայաստանի պետական ու ազգային շահերով հաղորդակցվելն է: Իրենք գալիս են արդար Հայաստան ստեղծելու: Վստահ են, որ 2018 թվականին հասարակությանը խաբել են սուտ խոստումներով:
Նորայր Նորիկյան - Հույս ունեմ, որ մեր ժողովուրդն այս ընտրություններին իր վստահության քվեն կտա ոչ թե էմոցիոնալ հարթության տիրույթում, այլ իսկապես ձայնը տալով այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժերին, որոնք որևէ ձևով թաթախված չեն ապօրինի գործընթացների մեջ:
«Արդար Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցում է առաջին քվեաթերթիկի ներքո: