ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ««ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս 2017-ի հունիսից նախաձեռնել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ` ուղղված հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առևտրային նպատակով տրամադրելու համար առանձնացմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ` օրինագծով նախատեսվում է 703-733 ՄՀց և 758-788 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը միանվագ 25.000.000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը` 16.800.000 դրամ:
Նշվեց, որ ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու 703-733 ՄՀց և 758-788 ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստեն շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը և 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 60 ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1.500.000.000 դրամի միանվագ (տրամադրման մասով) և 1.008.000.000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:
Պատգամավորներն իրենց հարցադրումներով անդրադարձան ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների: Արտակ Մանուկյանի հարցին, թե ինչու են 2017-ից նախաձեռնել հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առևտրային նպատակով տրամադրելու քննարկումները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ այդ գործընթացը ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլ ամբողջ աշխարհում: Դա համաշխարհային գործընթաց է,- հավելեց նա:
Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել:
Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Կառավարութունն իր որոշմամբ օրինագիծը համարել էր անհետաձգելի, այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, ինչին կողմ քվեարկեց մշտական հանձնաժողովը: