«Հանրապետություն» կուսակցությունը, խորհրդարանում հայտնվելով, նպատակ ունի բալանսավորել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը քարոզարշավի 6-րդ օրը Ջրվեժում քաղաքացիների հետ հանդիպմանն ընդգծեց՝ ի դեմս իրենց՝ Ազգային ժողովում պետք են նաև արևմտյան ուղղվածության ուժեր:
Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Որ սահմանների խախտումը, գերիների խնդիրը, Սյունիքի ճանապարհների խնդիրը լուծվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, լուծվի հնգակողմ, չմնա միայն երեք ուժի վրա: Որ խաղաղարարները, որոնք այսօր կանգնած են, չլինեն մեկ պետության, լինեն բազմազգ»:
Շարունակելով խաղաղապահների և Արցախի թեման՝ կուսակցության վարչապետի թեկնածուն հավելեց՝ առաջիկա հինգ տարում անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել Արցախում ապրելը: Արամ Սարգսյանի համոզմամբ՝ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է վերականգնել նաև Արցախի սուվերեն տարածքը:
Արամ Սարգսյան - Եթե նախկինում հայկական բանակն էր ապահովում Ղարաբաղի, Արցախի ժողովրդի անվտանգությունը, այսօր մենք, եթե բանակով չենք կարողանում, գոնե ֆինանսական միջոցներով Արցախում ապրելը պետք է դարձնենք շահութաբեր:
Կուսակցության քարոզարշավի հերթական կանգառը Գառնիում էր: Արամ Սարգսյանն այստեղ հավաքված քաղաքացիներին իրենց տրված քվեի դիմաց խոստացավ անվտանգություն և աշխատատեղ, մանրամասներ ներկայացրեց նախընտրական ծրագրի մի շարք դրույթներից: «Հանրապետություն» կուսակցությունը ծրագրում ընդգծել է՝ Հայաստանում խնդիր է նաև պետության կառավարման մոդելը, անհրաժեշտ է վերադառնալ ամբողջությամբ նախագահական կառավարման:
Արամ Սարգսյան - Համոզված ենք, որ խորհրդարանական համակարգը մեր կարգի երկրներում իրենց չի արդարացնում, այդ համակարգն ավելի բարեկեցիկ և ավելի ոչ պատերազմական երկրների համար է ընկալելի: Նույն Իսրայելում մեկ տարվա մեջ 4 խորհրդարանական ընտրություն տեղի ունեցավ և մենք չենք կարող այդ ճոխությունը մեզ թույլ տալ:
Խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժի առաջնորդը քաղաքացիներին խնդրում է անպայման գնալ ընտրատեղամաս և քվեարկել այն ուժի օգտին, որի ասելիքն ավելի իրատեսական է և սրտին մոտ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան