Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է Հայաստանում իրականացնենք ոչ բռնի, բայց այս անգամ՝ պողպատյա ժողովրդական հեղափոխություն՝ Նոյեմբերյանում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխության առանցքային իմաստը ՀՀ-ում իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելն է: «Մենք միասին պետք է ի վերջո ստանանք այն հարցերի պատասխանները, որ վերջին երեք տարիներին բարձրաձայնվել են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2021 թ. սկսելու է գործարկվել ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական մեխանիզմը: «Ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձվում է հօգուտ պետության, և ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք մեկը մյուսի հետևից կունենանք այդպիսի որոշումներ ու հնարավորություն կունենանք ժողովրդից գողացվածը վերադարձնել ժողովրդին»,- շեշտեց նա: Փաշինյանի խոսքով՝ հայտարարված հեղափոխությունն ընթացք է ստանում: Ըստ նրա՝ այդ օրենսդրական ինստիտուտի գլխավոր շահառուները որոշել են վճռական ճակատամարտ տալ ժողովրդի ու ժողովրդի իշխանության դեմ:
Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին ընտրակաշառքի դեպքերով հարուցված քրեական գործերին ու ձերբակալություններին: «Ուզում եմ զգուշացնել բոլոր ընտրակեղծարարներին՝ բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում: Այս վերջին երկու դեպքը ձեզ օրինակ: Ուզում եմ զգուշացնել, որ օրենսդրական փոփոխություններով ընտրական հանցագործությունների համար պատժաչափերը խստացվել են»,- շեշտեց նա: