Պաշտոնական քարոզարշավի 3-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, Շիրակի մարզում էր: Առաջին հարցը, որին Փաշինյանն անդրադառնում է Մեծ Մանթաշ համայնքում, գերիներն են: Կուսակցության առաջնորդն արձանագրում է՝ երեկ գերեվարված զինվորը վերադարձվել է, մյուսների վերաբերյալ աշխատանքներ են տարվում:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար - Ես հիմա չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, հեռանկարները գնահատել, որովհետև այդ թեմայով մի նախադասություն, բառ ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված և ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել: Ես ուզում եմ, որ վստահ լինեք, շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում՝ մի քանի ուղղություններով:
Սահմանային լարվածությունը թուլացնելու համար Փաշինյանը շարունակում է պնդել, որ երկու կողմերը պետք է հետ քաշեն զորքերը, սահմանային հատվածում տեղակայվեն ռուս խաղաղապահներ և ԵԱՀԿ ՄԽ ներգրավմամբ սկսվեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքերը:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանում կան ուժեր, գործիչներ, որոնք այս 2 հարցն ուզում են կապել իրար հետ՝ ասելով, որ սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի հարց է սկսած, ուրեմն Ղարաբաղի հարցը փակված է: Ոչ, ոչ և երիցս ոչ, կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա: Գերնպատակ է Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, բայց, իհարկե, դա չի նշանակու, թե Հայաստանի կամ Արցախի շահերը կարող են զոհաբերվել այդ նպատակի համար, մեկը մյուսին չի հակասում, մեկը մյուսին շարունակում է:
Ջրային ոլորտի մասին. Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան 7 մլրդ խմ ջրի միայն 10-15 տոկոսն է ամբարվում: Առաջիկա տարիներին նախատեսում են մոտ 15 ջրամբար կառուցել, լուծել ջրի դեֆիցիտի հարցը: 1.5 տարում բյուջե մուտք եղած միջոցներն ավելացել են կես տրիլիոն դրամով՝ արդեն Արթիկում համակիրներին ասել է Փաշինյանն ու ընդգծել՝ գումարը օգտագործել են պետության անվտանգությունն ամրացնելու, թոշակ, աշխատավարձ, նպաստ բարձրացնելու համար:
Նիկոլ Փաշինյան - Մեր փոփոխությունների ու տնտեսական քաղաքականության արդյունքում 2021-ին ավելացել է հանրապետության համախառն աշխատավարձային ֆոնդը: Եթե 2018-ի ապրիլին ՀՀ բոլոր աշխատավարձերը միասին վերցրած եղել են 94 մլրդ 206 դրամ, 2021-ի ապրիլին այդ աշխատավարձը՝ համախառն, երկրում վճարվող 1 ամսվա աշխատավարձերը եղել են 130 մլրդ 219 մլն դրամ, որը 41 տոկոսով կամ 40 մլրդ դրամով ավել է, քան 2018-ին:
Կառավարության հաջողությունները թվարկելով՝ Փաշինյանն առանձնացնում է գյուղոլորտը: Խելացի անասնագոմ ու ջերմոցային տնտեսություններ կառուցելու համար 3-15 մլն վարկ են տրամադրում գյուղացիներին, 0 տոկոսով, իսկ կառուցելուց հետո գումարի մի հատվածը պետությունը վերադարձնում է ֆերմերին:
Մարզային այցերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփում է Գյումրիում: Փաշինյանը Վարդանանց հրապարակում հայտարարում է՝ անցյալին վերադարձ չի լինելու, խոսակցությունները պետք է միայն ապագայի մասին լինեն: