ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ի երեկոյան երկրորդ ժամկետով գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Անտոնիո Գուտերեշին, հաղորդում են համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից:
«Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային խորհուրդ է տալիս Անտոնիո Գուտերեշին նշանակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար երկրորդ ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,- հայտնել է Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, Էստոնիայի ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:
Գուտերեշի թեկնածությունը կդրվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, որը բաղկացած է 193 երկրից և, ամենայն հավանականությամբ, կհաստատվի հունիսի 18-ին կայանալիք քվեարկության ժամանակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի հաստատման համար կարևոր է Անվտանգության խորհրդի որոշումը, քանի որ կազմակերպության այս հիմնական մարմնի հինգ մշտական անդամներից յուրաքանչյուրը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) կարող է արգելափակել առաջադրումը: