Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում բողոքում են տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայության դեմ: Մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, Քուրդիստանի կոմունիստական կուսակցության կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզել Իրաքի և Թուրքիայի միջև սահմանների անվտանգության վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը և Թուրքիային պետք է դուրս հանել Իրաքյան Քուրդիստանի տարածքից:
Ցուցարարների հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան տասնյակ տարիներ ռազմաբազաներ է տեղակայում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում, վերջին տարիներին էլ ընդլայնում է նաև տարածքների օկուպացիան, որոնք միջազգային իրավունքի խախտում են և պատերազմական հանցագործություն:
Քրդական ANF News լրատվական կայքը հաղորդում է, որ չնայած Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին, որի հետևանքով համակարգված կերպով թիրախավորվում ու դատարկվում են քրդաբնակ գյուղերը, Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը շարունակում է լռություն պահպանել: