«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որը լռում էր 2021 թվականի հունվարից, մեկնաբանել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի քաղաքական ծրագրերը, գրում է apsny.ge-ն:
«Հասարակությունը գիտի, որ քաղաքականությունից հեռանալուց հետո ես ուղղակի կամ անուղղակի հայտարարություններ չեմ արել Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Միաժամանակ չեմ դադարեցրել հարաբերությունները հասարակության ներկայացուցիչների հետ: Նրանցից էլ տեղեկացա, որ լուրեր են տարածվել, իբր Գիորգի Գախարիայի կուսակցությունն իմ, այսպես կոչված, քաղաքական նախագիծն է:
Հանրությանը հայտնի է, որ Վրաստանում տարիներ շարունակ արատավոր պրակտիկա է եղել կեղծ կուսակցությունների ստեղծումը: Ես երբեք նման քայլի չեմ գնացել և 2011 թվականից մինչև քաղաքականությունից իմ վերջնական հեռանալը չեմ վիրավորել վրաց հասարակությանը՝ ստեղծելով կեղծ կուսակցություն: Իսկ Գիորգի Գախարիայի հետ քաղաքական համագործակցությունն ինձ համար միանգամայն անընդունելի է»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա համար անհասկանալի է, թե ինչպես իշխող կուսակցության առաջնորդներից մեկը և ամենահզոր պետական պաշտոնյան պաշտոնը թողեց բոլորովին անհասկանալի ժամանակ և անհասկանալի պատճառով: «Նա հրաժարական տվեց, քանի որ չէր ցանկանում աջակցել օրենքի գերակայությանը և օրենքի իրագործմանը և ամբողջ քաղաքական թիմին հորդորեց հետևել իրեն: Գիորգի Գախարիայի փետրվարյան գործողությունները դավաճանություն էին իր թիմի նկատմամբ: Եվ, որ ավելի կարևոր է, դա ուղղակի դավաճանություն էր սեփական պետության նկատմամբ»,- ասել է Իվանիշվիլին:
«Վրացական երազանքի» հիմնադրի կարծիքով՝ Գիորգի Գախարիայի ստեղծած քաղաքական կուսակցությունը չունի գաղափարական կամ հայեցակարգային հիմք և հստակ ընկալվում է որպես իշխող թիմից գոնե փոքր թվով ձայներ խլելու միտում:
Իվանիշվիլին խորապես համոզված է, որ իր հիմնադրած կուսակցությունը շարունակելու է հաջողությամբ ապահովել պետության կայունությունը, ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: