Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակում Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի Միրաք Ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում տեղի ունեցավ «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը. առաջին կեչիները տնկեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն ու Լոռու փոխմարզպետը:
Անդրեա Վիկտորին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան - Կանաչ համայնքի, դիմակայուն ապագայի ստեղծմանը միտված այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն համայնքի և քաղհասարակության միջև գործակցության արդյունք է: Այն մեզ օգնելու է միասնական ջանքերով ապագան ավելի ապահով դարձնել և փոխանցել հետագա սերունդներին:
Կանաչ ապրելակերպի խթանման, անտառվերականգնման ու կանաչապատման ծրագրերն իրականացնելու համար ընդհանուր ներդրումը շուրջ 774.000 եվրո է, որից 695.000ը՝ ԵՄ-ից: Էյ թի փի բարեգործական, Ջինիշյան հիշատակի և Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամները կօգնեն նախաձեռնությունը կյանքի կոչել:
Արուս Թումանյան, Լոռու մարզպետարանի գյուղ և բնապահպանության վարչության պետ - Մոտ 15 տարի համագործակցելով մեր մարզի և Եվրամիության հետ՝ մեր անտառային ֆոնդն աստիճանաբար համալրվում է, և այս 15 տարիների ընթացքում 747 հա անռային ֆոնդ է ստեղծվել իրենց կողմից:
Այս ծրագրով նախատեսվում է ևս 100 հա ընդհանուր մակերեսով նոր անտառներ տնկել, կանաչապատել շուրջ 50 դպրոցի տարածք, տնամերձ տնկարաններ հիմնել, որտեղ կարտադրեն վաճառքի ենթակա տնկիներ: Հույս ունեն սա, որպես հաջողված մոդել, դեռ երկար կծառայի:
Արթուր Հարությունյան, Էյ թի փի բարեգործական հիմադրամի ծրագրերի համակարգող - 150 ընտանիքի համար պետք է հիմնենք տնամերձ տնկարաններ: Դա իրենց համար լրացուցիչ, նաև եկամտի աղբյուր է: Հուսով ենք՝ այս ծրագրի շրջանակներում, որ կիրականացնենք, կդառնա կայուն և կօգտագործվի որպես մոդել՝ հանրապետության մյուս մարզերում օգտագործելու համար:
ԵՄ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ընդդգրկում է Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի 15 քաղաքային համայնք: